Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացավ Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկայացել էր ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող Լորետա Բարսեղյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը, վկաներ Զարզանդ Նիկողոսյանը, Կարինե Հարությունյանը եւ Տրդատ Խաչատրյանը, իսկ տուժող Նիկոլայ Աբրահամյանը նիստին չէր ներկայացել Գորիսի բժշկական կենտրոնում բուժում ստանալու պատճառով:
Նիստին չէր ներկայացել նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, վերջինս Լորետա Բարսեղյանին ներկայացրած բացատրության համաձայն՝ Հայաստանից բացակայում է՝ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Նիստը մեկ ժամով ընդմիջվել է, քանի որ դատապաշտպան Հայկ Ալումյանը ավտոմեքենայի անսարքության պատճառով չէր հասցրել ներկայանալ դատական նիստին:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ: Իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ