Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ

Սեպտեմբեր 24,2014 11:33

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ էր: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:
Նախարարները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանն ու Տիտուս Կորլացեանը կարևորեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխգործակցության ակտիվացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։

Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախագահ Յահյագան ներկայացրեց Կոսովոյի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930