Երեկ մայրաքաղաքի տոնավաճառ-շուկաների բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց եւ մոտ 20 րոպեով փակել Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա մտնող երթեւեկելի հատվածը։ Եվ ահա, որպես արձագանք այս իրադարձությանը, իշխանությունները դեպքի վայր են բերել սեւազգեստ եւ դիմակավորված այս պարոններին։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ, որովհետեւ որեւէ կերպ չի հասկացվում, թե ինչո՞ւ պիտի այսպիսի սֆաթով մարդիկ հայտնվեն այն տեղում, որտեղ Հայաստանի քաղաքացիները խաղաղ կերպով իրենց բողոքն են արտահայտում, իրենց պրոբլեմն են բացատրում, ուզում են լսելի լինել իշխանության համար։
Ովքե՞ր են, ուրեմն, այս սարսափազդու դեմքերը, եւ որքանո՞վ էր հիմնավորված երեկ նրանց՝ կառավարության շենքի մոտ բերելու որոշումը։ Այս սեւազգեստ պարոնների համազգեստին գրված է ՀՆՎ։ Ենթադրվում է՝ Հատուկ նշանակության վարչություն։
Երեկ ՀՀ ոստիկանության կայքում փորձեցինք որոնել Հատուկ նշանակության վարչություն՝ պարզելու համար, թե ինչո՞վ է զբաղվում եւ ինչ նպատակներ ունի այս վարչությունը։ Արդյունքները ցնցող էին։ Ոստիկանության կայքում 7 րոպեանոց ֆիլմ-ռեպորտաժ գտանք Հատուկ նշանակության վարչության մասին, որը սկսվում էր հետեւյալ բառերով. «Դուք նրանց (ՀՆՎ-ներին – խմբ.) չեք նկատի, նրանց հետ չեք շփվի, եթե, իհարկե, վտանգավոր հանցագործ չեք։ Ու չեք էլ իմանա որտեղ են, ինչով են զբաղված, ում եւ ինչպես են բռնում կամ փրկում»։
Սրանով, թերեւս, ամեն ինչ ասված է. ոստիկանական այս պաշտոնական ռեպորտաժը վկայում է, որ սա այն ջոկատը չէ, որ պետք է երեկ բերվեր կառավարության շենքի դիմաց, որովհետեւ, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հաստատ վտանգավոր հանցագործ չէին, տեսան նրանց, նկատեցին, նույնիսկ շփվեցին ու նրանց հասցեին «ամոթ» գոռացին, անեծքներ տեղացին նրանց հասցեին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Ա1+»-ից