Հայաստանյան մանկատների աղջիկները, ամուսնանալով և ամուր ընտանիք կազմելով, կոտրում են հասարակությունում ձևավորված «մանկատան աղջկան չի կարելի տուն տանել» կարծրատիպը: Իրենց ապրած կյանքով նրանք ապացուցում են, որ դառնում են ընտանիքի հիանալի կին, անփոխարինելի մայր, հրաշալի հարս տղայի ընտանիքի համար:
Վեց տարեկանից Գավառի մանկատանը հայտնված, իսկ այնուհետև Էջմիածնում գործող «Մեր տունը» ՀԿ տեղափոխված 24-ամյա Անի Ծառուկյանը արդեն մեկ տարի է` ամուսնացել է: Երջանկությունը Անիի ձայնի երանգներում է զրնգում, սեփական ընտանիքի մասին առանձնակի ջերմությամբ է պատմում, ասես փաղաքշելով ու գուրգուրելով, գնահատելով փոքրիկ, բայց արդեն հաստատուն քայլերով դեպի ապագա քայլող իր ընտանիքը:
«Հարս գնացի մեծ ընտանիք, վախեր ունեի, թե հանկարծ երեսովս կտան, որ մանկատանն եմ մեծացել, բայց հավատացեք` երբևէ չզգացի, թե որտեղից եմ գնացել: Մի քիչ իհարկե անսովոր է լինում՝ նոր մարդիկ, նոր միջավայր, բայց որ լավն են լինում, շուտ ես հարմարվում: Եթե լավը չլինեին ու ինձ չընդունեին այնպիսին, ինչպիսին կամ, դժվար կլիներ: Սկզբում դեմ են եղել, բայց ինձ ճանաչելուց հետո համաձայնել են: Ամուսինս՝ Հայկը, ասել է. ուզեք-չուզեք` իրեն եմ ընտրելու»,- ծիծաղելով պատմում է Անին:
Հայաստանի տարբեր մանկատներից 18 տարին լրացած աղջիկներից նրանք, ովքեր ցանկություն են ունենում շարունակելու ուսումը, իրենց հետագա կյանքի հինգ տարիներն անցկացնում են «Մեր տունը» կազմակերպությունում: Կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Կարապետյանն ասում է, որ երբ բացում էր «Մեր տունը», երբևէ մտքով չէր անցնում, որ կգան իրենից աղջիկ ուզելու, բայց կյանքը ցույց տվեց հակառակը:
«Մեր ծրագիրը կրթական է, բայց ես հիմա արդեն ուրախությամբ, հպարտությամբ եմ ասում, որ կազմակերպության գոյության 7 տարիների ընթացքում ամուսնացրել ենք 11 աղջիկների, ունենք արդեն 14 թոռ, սպասում ենք 15-րդին»,- պատմում է Կարապետյանը:
ՀԿ ղեկավարը նշում է, որ աղջիկները գնահատում են իրենց հարս գնացած ընտանիքները, ունենում են նաև խնդիրներ, որոնք փորձում են հաղթահարել:
«Ընտանիքը նրանց համար արժեք է: Գալիս են մեզ այցելության, ասենք` երեխան գրկին ու ինքն էլ հղի, դա այն է, ինչից ակամա արդեն հուզվում ես, դա օրհնություն է նրանց համար: Հենց իրենք են հաճախ կիսվում մեզ հետ ու ասում, որ զարմանում են` ինչպե՞ս կարող էր իրենց մայրը հենց այդ նույն տարիքում, որ իրենց երեխան է, գցեր մսուր ու անվերադարձ հեռանար»,- ասում է Կարապետյանը:
Կարդացեք նաև
28-ամյա Անի Առաքելյանը նույնպես մեծացել է Գավառի մանկատանը, այնուհետև տեղափոխվել «Մեր տուն»: Ասում է, որ վերջերս շատ է հոգեբանություն ուսումնասիրում ու եկել է մի եզրահանգման, որ մարդու մեջ նստած գենը մեծ նշանակություն ունի:
«Մարդ կա` նրան դուր է գալիս անբարոյականությունը, և ամենագեղեցիկ ընտանիքից անգամ ուզում է փախչել, էն որ ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց իմ դեպքում ընկել է, որովհետև մամաս այն կարգավիճակում չէ, որում ես կարող եմ հետագայում լինել, այսինքն` ես հաստատ ո´չ կնմանվեմ մորս, ո´չ էլ հորս, Աստված չանի: Նա լքել է ինձ,- պատմում է Անին: – Իսկ ընտանիքներում ամենավատը նա է, որ տանում են տուն ու մեկ էլ հանկարծ երեսովդ տալիս, թե մանկատան երեխա ես, անգամ իմ ներկայությամբ եմ լսել «մանկատան որբ» արտահայտությունը: Եթե դեմ են, ավելի լավ է հենց սկզբից չուզեն, քան թե տանելուց հետո երեսով տան` «այդ չէի՞ր, ա´յ որբ»: Կարծում եմ` դա ինձ հետ չի պատահի, կարծում եմ` այնպիսի տղայի կընտրեմ, ով իմ երեսով երբևիցե չի տա»:
Կարապետյանն ասում է, որ դա հենց այն նախադասությունն է, երբ բռնկումը ընտանիքում անխուսափելի է դառնում:
«Բայց մենք մեր աղջիկներին ասում ենք, որ կարող է անգամ նման բան լինել, բայց պետք է հասկանաք, համբերությամբ զինվեք, պայքարեք, պահպանեք ձեր ունեցածը: Մենք հիմա աղջիկներ ունենք, որ նրանց անունով ամբողջ գյուղը կամ թաղն է երդվում, այնքան լավ հարս ու մայր են դարձել»,- ասում է Կարապետյանը:
Երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանը բացատրում է, որ մանկատներում, որտեղ մեծանում են այս աղջիկները, բացակայում են զգացմունքային, հիմնարար հարաբերությունները: Նրանց կյանքում սովորաբար ամեն ինչ ժամանակավոր է, նրանք փոխում են մանկատները կամ խմբերը հենց նույն մանկատանը:
«Ընտանիքում մեծացածները իրենց ողջ կյանքում անցնում են միջանձնային ընտանեկան հարաբերությունների դպրոց ակամայից, ինչը դասագրքային չէ: Մեզ չեն ասում, որ պետք է մայրիկին սիրենք, դա զգացմունք է, որը ծնվում է, ձևավորվում: Մանկատանը նրանք այդ փուլերը չեն անցնում, դա նրանց համար անծանոթ է, և միայն ընտանիքում են սկսում յուրացնել այդ ամենը»,- ասում է Մնացականյանը:
Նրա խոսքով` վաղ ամուսնացող աղջիկները, ովքեր հատկապես հայտնվում են եռասերունդ ընտանիքներում, ինտեգրվելու ավելի մեծ հնարավորություն են ունենում, անմիջապես յուրացնում են ընտանեկան արժեհամակարգը, դարձնելով իրենցը, ինչի համար էլ հաճախ չեն ուզում հիշել իրենց նախկին կյանքը: Սիրով մխրճվում են իրականության մեջ` նույն սիրով մոռանալով անցյալը, ինչի արդյունքում էլ նրանց մոտ ամեն ինչ հաջողվում է: Ավելի ուշ ամուսնացողները դժվարությամբ են հարմարվում:
«Ընտանիքը կրում է ընդհանուր հասարակական որոշակի արժեհամակարգ, որտեղ կա ազգային ու մշակութային ենթատեքստ, որոնք մանկատունը չի փոխանցում, և ուշ տարիքում այդ անցումը անել նրանց համար շատ դժվար է լինում»,- ասում է Մնացականյանը:
Գավառի մանկատանը մեծացած Լիլիթը խոստովանում է, որ իրենցից յուրաքանչյուրի համար է դժվար՝ մտնում են ընտանիք, որը երբևէ չեն ունեցել:
«Պետք է ունենաս սիրող ամուսին, լավ սկեսուր: Շատ աղջիկներ չեն էլ պատկերացնում` մայրն ի´նչ է, քանի որ չեն ունեցել ամբողջ կյանքում: Ես ուզում եմ լավ ու հոգեպես առողջ ընտանիք ունենալ: Կարծում եմ` մենք ավելի լավ ենք ադապտացվում մեծ ընտանիքներին, մեզ համար մեծ ընտանիքը կարևոր է, որքան էլ այստեղ պահեն, դաստիարակեն և ուղղություն ցույց տան, ի վերջո մենակ ենք, ու միայն ընտանիքում ենք սկսում հասկանալ դրա կարևորությունը»,- կարծում է Լիլիթը:
Ընտանեկան կյանքի գաղտնիքները նրանք բացահայտում են ամուսնանալուց, այնտեղ ապրելուց հետո միայն:
«Այդ սրբությունները՝ քույր, եղբայր, հորեղբայր, քեռի, այս ամենը նրանցից շատերը չեն տեսել, այդ հարաբերությունների մեջ չեն եղել: Հենց սա է պատճառը, որ հաճախ անվստահություն ունեն շրջապատի նկատմամբ: Մենք նրանց հետ ամբողջ օրը խոսում ենք ընտանեկան հարաբերությունների, ընտանիքի գաղափարի մասին, փորձում այդ մեխանիզմը նրանց տեսանելի դարձնել` իր բոլոր նրբություններով, ուժեղ ու թույլ կողմերով, մինչև այն կյանքում ձեռք կբերեն,- ասում է Կարապետյանը: – Նրանց մեջ չարություն կա դեպի հասարակությունը, փորձում ենք այդ չարությունը հանել, նրանց հասկացնում ենք, որ իրենք նույն այդ հասարակության լիարժեք անդամն են»:
Թվում է, թե կոտրվել է մանկատան աղջիկներին տուն տանելու պատնեշը, սակայն խմորումները հասարակությունում դեռևս շարունակվում են: Կարապետյանը, օրինակ բերելով Լիլիթին, պատմում է, թե ինչպես է նրան սիրող տղաներից մեկը հրաժարվել Լիլիթից միայն այն բանի համար, որ հայրն ասել է. «Ես մանկատան աղջկա տուն չեմ բերի»:
«Մի լավ պաշտոնյայի տղա էր, սիրահարվել էր մեր աղջիկներից մեկին: Հետևելով գալիս է մինչև մեր տուն ու զարմանում է, թե ինչո՞ւ է տան վրա գրված` «Մեր տուն»: Չի իմանում, որ մանկատան աղջիկ է: Ծնողները չուզեցին, հայրն ասել էր. «Էդ էր մնացել, ես իմ ազգանունը չեմ տա, չեմ ուզի»: Այդ աղջիկն արդեն իսկ դժբախտ է, որ մանկատանն է մեծացել, առանց ծնողի, հիմա էլ նորից մի հարված, իրեն չեն ուզում, որովհետև ինքը մանկատան երեխա է: Սթրես է, ինչը նրանց ստիպում է ավելի ուժեղ լինել: Հասկանում եմ այդ ծնողներին, հաճախ մայրերը բժշկական թղթերն են ուզում նայել, դե, մտածում են` ժառանգական հիվանդություններ չունե՞ն, թեկուզ գենային, ես էլ նույն հարցերը նրանց եմ տալիս` տղան ինչո՞ւ բանակ չի գնացել, ի՞նչ հիվանդություններ ունի, մենք էլ իրենց ենք ստուգում, ոչ մի տարբերություն»,- ասում է Կարապետյանը:
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշում է, որ կուզեր, որ մանկատներ ընդհանրապես չլինեին, սակայն մեր իրականությունում կան այնպիսի ընտանիքներ, որոնց պարագայում նախընտրելի է, որ երեխան մանկատանը մեծանա:
«Ամուսնանում են, ու մեր խիղճն ավելի հանգիստ է լինում: Կյանքը ցույց է տվել, որ մանկատան երեխաները լավ ընտանիք են կազմում: Պատճառն այն է, որ մանկուց զրկված են ընտանեկան ջերմությունից ու մեծանում են` միշտ այդ բացը զգալով: Ընտանիքի գաղափարը նրանց համար վեհ է»,- ասում է Նալբանդյանը:
Աննա Մնացականյանն էլ նշում է, որ ավելի հաջողված են այն ընտանիքները, երբ մանկատան սանը ամուսնանում է ընտանիքի տղայի կամ աղջկա հետ, այս դեպքում լավ ընտանիք կազմելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երբ մանկատան սաներն են զույգ կազմում:
«Հրաշալի մայրեր են դառնում այդ աղջիկները, միայնակ մայրեր էլ շատ կան, որովհետև հաճախ անհաջող ամուսնությունից հետո ծնվում են երեխաներ, ու դարձյալ հրաշալի մայրեր են լինում, անշուշտ, կան բացառություններ: 1994 թվականից անընդհատ շփվում եմ, 500 աղջիկներից միայն երեքին եմ ճանաչում, որ հրաժարվել են երեխաներից,- ասում է Մնացականյանը: – Եթե սովորական ընտանիքների հետ համեմատենք, այնտեղ շատ ավելի տխուր իրավիճակ է լինում: Ճանաչում եմ մայր, ով հերթափոխով գիշերը ռեստորանում աման էր լվանում, ցերեկը մատուցող էր աշխատում, բայց դայակով երեխա էր պահում, ու երբ մի փոքր ակնարկեցի, թե գուցե գիշերօթիկ դպրոց հանձներ երեխային, ոչ մանկատուն, նա ինձ քիչ էր մնում հայհոյեր»,- ասում է Մնացականյանը:
Ընտանիք չունենալը բաց պատուհան է, որն այս աղջիկների կյանքում, թերևս, փակվում է միայն ամուսնությունից հետո:
Տիգրանուհի Կարապետյանն էլ ասում է, որ իրենց աղջիկներին թագուհու նման են ճանապարհում մեծ կյանք. «Հարսի քողով, հյուրերի ներկայությամբ, ինքը մանկատան երեխա չի լինում, սիրուն արքայադստեր պես, Մոխրոտի, ու չկա դրանից ավելի կարևոր բան նրանց կյանքում»:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm
Իհարկե պտուղը ծառից հեռու էլ է ընկնում, եթե ծառը բարձունքի վրա է:
Շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ ի վերջո մեր մոտ էլ այդ կարծրացած և անհին գաղափարը կամաց պատմության գիրկն է անցնում: Ինչ վերաբերվում է Դավիթի մեկնաբանությանը, ապա ուղղակի իմաստով այն անհիմն է, քանի որ բարձունքի ծառից պտուղ ստանալը համարյա թե անհավանական է, իսկ անուղղակի միտքը՝ բարձունքում գտնվող ոչ մի հացակեր չի թողնի, որ իր պտուղն իրենից հեռանա: Դավիթ քո միտքը ընկալելի է,, սակայն հոգիտ…, հոգիտ պխտոր է:
Հարգելի՛ Գարեգին, Դավիթի մեկնաբանությունները լուրջ մի ընդունեք: Նա պարզապես բավականություն է ստանում մեկնաբանությունների բաժնում պարբերաբար բացասական և նենգ մեկնաբանություններ գրելով: Դրանով է փորձում իր հոգու մաղձը դուրս հանել՝ ապացուցելով իր համար բարձունքի անհասանելիությունը:
Իսկ բոլոր մանկատան և որբ երեխաներին մաղթում եմ ընտանեկան երջանկություն: Թող իրենց ընտանիքներում զգան այն ջերմությունը, որից զրկված են եղել: