Լրահոս
Օրվա լրահոսը

Որ երրորդ անգամ չկրկնվի

Սեպտեմբեր 24,2014 10:08

Չգիտեմ՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն Սահմանադրությունը փոխելու: Բայց եթե կա, ապա դա, ի տարբերություն 1995 եւ 2005 թվականների, պետք է լինի քաղաքական հիմնական ուժերի կոնսենսուսի հիման վրա: Եթե այդ կոնսենսուսը չկա, եթե, ինչպես եւ նախորդ երկու դեպքում, ընդդիմությունը հրաժարվելու է քննարկել Հիմնական օրենքն ըստ էության՝ բերելով զուտ քաղաքական պատճառներ, ապա փոփոխություններ պետք չեն: 1995-ից եւ 2005-ից հետո ընդդիմությունը չէր ընդունել հանրաքվեի արդյունքները՝ իրավամբ համարելով, որ դրանք կեղծված են: Նույնը տեղի կունենա նաեւ հիմա, եթե նման հանրաքվե անցկացվի: Մեր ժողովուրդն առանց այդ էլ որեւէ պատկառանք չունի Սահմանադրության հանդեպ, արժե՞ արդյոք խորացնել այդ արհամարհանքը:

Սահմանադրության նախագիծը չպիտի դառնա քաղաքական քարոզչության առարկա՝ այն իմաստով, ինչպես որ դառնում է Հայաստանում: Եթե կասկածներ կան, որ նախագիծը «կարվում է» այս կամ այն ղեկավարի հագով, ինչի մասին խոսվում է, ասվում է արդեն երրորդ անգամ, ուրեմն պետք է անել քայլեր՝ այդ կասկածները վերացնելու համար: Ինչպե՞ս է պետք դա անել այս դեպքում: ՀՀԿ-ի ներկայացուցիչները, մասնավորապես՝ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նշում են, որ կառավարման նախագահական տարբերակն իրենց միանգամայն ձեռնտու է, բայց ժողովրդավարությունը զարգացնելու նպատակով նրանք թերեւս կողմ կլինեն խորհրդարանական համակարգին:

Այդ պնդումը պետք է ապացուցել: Ամենահեշտ ճանապարհը հետեւյալն է. հասցնել մինչեւ վերջ փոփոխությունների հայեցակարգի մշակումը՝ Վենետիկի հանձնաժողովով եւ մնացածով, հրապարակել հայեցակարգը, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դրա հետ ծանոթանալու եւ կարծիք հայտնելու: Այնուհետեւ հայտարարել, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացն այնքան կարեւոր է, որ այն պետք է զերծ պահել քաղաքական շահարկումներից, ուստիեւ գործընթացի շարունակությունը հետաձգվում է մինչեւ 2018 թվականը: Իհարկե, այդ դեպքում եռյակը կասի, թե ՀՀԿ-ն վախեցավ հանրահավաքներից ու դրա համար հետ կանգնեց սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու ծրագրից: Բայց կրկնեմ՝ Գլխավոր օրենքի նկատմամբ վստահությունն ավելի կարեւոր է, քան բոլոր քաղաքական-մարտավարական նկատառումները:

Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ իշխանության վերարտադրությունը կամ փոփոխությունը բացարձակապես կապ չունի Սահմանադրության հետ: Եվ մեր գլխավոր խնդիրը հենց դա է: Օրինակ՝ Գլխավոր օրենքի 50-րդ հոդվածում գրված է, որ ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ վերջին 10 տարում Հայաստանում բնակվող անձը: Արդյոք այսօր որպես սահմանադրական կարգի ջատագով ելույթ ունեցող ՀՀ 2-րդ նախագահը հետեւե՞լ է այդ պարզ պահանջին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Պարոն Աբրահամյան, Խորհրդարանական համակարգը իր էությամբ ավելի բարձր աստիճանի վրա գտնվում, քան նախագահականը՝ ժողովրդավարության տեսակետից: Դա բոլորին պարզ է: Հարցը նրանում է, թե այս կամ այն քաղաքական ուժը որքանով է գնահատում իր ներուժը՝ հաղթանակի հասնելու ողջ թիմով, այլ ոչ թե մի կոնկրետ անձի առաջ բրդելով:
    Հասարակության մեջ հեղինակություն վայելող և բազմաթիվ անդամներ ունեցող կուսակցությունը միայն ուրախ երկրի ղեկի համար մրցել այդ հարթությունում:
    Մեր իշխանությունը, իմա՝ ՀՀԿ-ն իր ուժերին վստահ է (չնայած ես կարծում եմ, որ հենց այդտեղ է նախագահը սխալվում), և գնում է այդ քայլին: Իսկ ո՞վ է արգելում ընդիմությանը հզոր լինել և տեր կանգնել իրենց երևակայական և պարբերաբար ԳՈՂԱՑՎՈՂ ձայներին: Եթե մի կուսակցություն, կամ էլ չեմ ասում դաշինք, չի կարողանում ամեն քվեատուփի կողքը մի նվիրյալ անձ նստեցնել, որը չծախվի, չվախենա… հա ու մեկ էլ հաշվել իմանա, իրավունք ունի՞ այդ խմբակը իրեն քաղաքական ուժ հորջորջելու:
    Բացի այդ, իսկ ինչու՞ պետք է իշխանության եկած թեկուզ և ՇԱՏ ՓԻՍ կուսակցությունը չցանկանա շարունակել ղեկի մոտ լինել: Ո՞ր օրենքով է դա գրված: Եղբայր, խելացի ծրագրեր ունեցեք, ազնիվ և ադեկվատ լիդերներ ունեցեք, լավ՝ գոնե ճարտար կտեր տվեք, դրանցով գրավեք ժողովրդի սերը և հավատը ու եկեք ձեր երազած աթոռներին: Եկեք, որ այնուհետ արդեն դուք շարունակեք ժողովրդին թալանելու ու խաբելու անվերջ գործը…..

  2. Ruben says:

    Ի՞նչ իմաստ ունի հույս դնել միատարր քաղաքական ուժերի վրա:
    Ավելի արդյունավետ կլինի Սահմանադրության նախագիծը քննարկել «Առավոտ» թերթում:

  3. Gibindus says:

    Մեռա ասելով` “Ադաթների և սովորույթների ժաղովածու”: Ահա թե ինչ է մեզ պետք և ինչի ենք մենք արժանի: Սահմանադրությունը մեր “խելքի բանը չի”: Ադաթների մեջ էլ պետք է ներառել մաքսիմալ պարզեցված մտքեր` օրինակ, օջախի վրա չի կարելի միզել (Չինգիզխանի սահմանադրությունից է վերցված): Միտք եմ ասել, է~, միտք: Համ Շեռժիկի ախպեր Շաշիկը կհասկանա, համ գենրալ Մանվելը: Թե չէ սահմանադրություն, ես իմ ինչ… Ինչ էլ մխտառ երկար բառ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930