Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականության վերաբաշխումն ու հավատարմության աստիճանները

Սեպտեմբեր 24,2014 12:00

Ինչո՞ւ են Եվտուշենկովից խլում «Բաշնեւթը»

Երբ ձերբակալում էին ռուսաստանցի խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանին, Հայաստանում ասում էին, որ դա ադրբեջանցիների դավերի արդյունքն է եւ հարված է, որն ուղղված է Արցախի ժողովրդի դեմ: Երբ համանման («Բաշնեւթի» հետ կապված) գործով սկսեցին հետապնդել Վլադիմիր Եվտուշենկովին, այստեղ սկսեցին խոսել՝ իբր սլաքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Մինչդեռ այդ, ինչպես նաեւ «Ռոսնանո» ընկերության ղեկավարության հետապնդումը հայաստանյան իրականության հետ կապ չունի, ինչն, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի անտարբեր մնանք անազատության մեջ գտնվող եւ առողջական խնդիրներ ունեցող մեր հայրենակցի ճակատագրի նկատմամբ:
Բայց Ռուսաստանի տնտեսական, ավելի ճիշտ՝ «քրեա-քաղաքա-տնտեսական» կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հիմքերն ակնհայտ են. դրանք կարելի է բնութագրել երկու բառով՝ սեփականության վերաբաշխում: Այսպես թե այնպես՝ դա տեղի է ունենում բոլոր երկրներում՝ պարզ է, որ սեփականությունը չի կարող հավերժ լինել մի ձեռքում, այն կարող է վաճառվել, փոխանակվել, սեփականատերը կարող սնանկանալ եւ այլն: Պարզապես պետական, իրավական կայացած ինստիտուտներ ունեցող երկրներում դա տեղի է ունենում շուկայական մեխանիզմներով եւ օրենքի սահմաններում, իսկ Ռուսաստանի եւ մեզ նման երկրներում՝ հրամայական մեխանիզմներով եւ բացահայտ ապօրինություններով:

Հետխորհրդային, ինչպես նաեւ, ասենք, աֆրիկյան կամ լատինաամերիկյան երկրներում սեփականության վերաբաշխում կատարվում է երկու դեպքում: Առաջինը քիչ թե շատ «բնականոն» է՝ երբ տեղի է ունենում իշխանափոխություն. օրինակ՝ երբ 90-ականների սկզբին կոմունիստական գործարարներից սեփականությունն անցավ նոր, «ժողովրդավար» գործարարներին: Սովորաբար նման պրոցեսների ժամանակ չի հաջողվում խուսափել կրակոցներից: Հայաստանում էլ նման բան մի քանի անգամ տեղի է ունեցել, եւ անհնարին է պնդել, որ մեզանում նախկին սեփականատերերին նորերը չափից դուրս «քնքշաբար» են վերաբերվել:

Սակայն վերաբաշխումը, որը հիմա կատարվում է Ռուսաստանում, պայմանավորված չէ իշխանափոխությամբ: Պատճառն ավելի տխուր է Ռուսաստանի ու հետեւաբար նաեւ՝ մեզ համար՝ տնտեսական անկումը, որը ռուսաստանցի տնտեսագետները մեղմորեն անվանում են «ռեցեսիա»: Ի դեպ, այդ «ռեցեսիան» սկսվել էր մինչեւ Արեւմուտքի հետ խնդիրներ ունենալն ու պատժամիջոցները (տե՛ս տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ելույթները 2012-13 թվականներին) եւ պայմանավորված է այդ երկրի տնտեսության բացառապես գազային ու նավթային «կողմնորոշմամբ»:

Տնտեսական անկման պայմաններում իշխանությունն իր ձեռքում սեփականությունը կենտրոնացնելու խնդիր ունի՝ Ռուսաստանի բնակչությունը, որն առայժմ «ռազմական հաղթանակների» էյֆորիայի մեջ է, վաղ թե ուշ ընդվզելու է իր եկամուտները նվազելու պատճառով, իսկ էլիտայի այն խավերը, որոնց հավատարմությունը կարելի էր գնել, դառնալու են պակաս հավատարիմ, որովհետեւ «գնելու գումարը» պակասել է:
Մեզ նման երկրներում կան վերնախավի՝ իշխանությանը հավատարիմ լինելու տարբեր մոտիվացիաներ եւ, հետեւաբար, տարբեր աստիճաններ: «Ոչ հավատարմությունը» բացառված է՝ հենց այդ պատճառով էլ Միխայիլ Խոդորկովսկուց առանց երկար-բարակ մտածելու խլեցին «Յուկոսը», իսկ իրեն՝ գործարարին, բանտ նետեցին: Բայց հավատարմությունն էլ տարբեր պատճառներ կարող է ունենալ. դու հավատարիմ ես, որովհետեւ քեզ չեն խանգարել հարստանալ (առաջին աստիճան), դու հավատարիմ ես, որովհետեւ հարստացել ես «պատրոնի» շնորհիվ, նրա հետ «օրթախ գործ» բռնելով (երկրորդ աստիճան), դու հավատարիմ ես, որովհետեւ եթե քո «պատրոնը» հեռանա իշխանությունից, դու, շատ հնարավոր է, կհայտնվես ճաղերի հետեւում (երրորդ՝ ամենաբարձր աստիճան): Ռուսաստանում վիճակն այնպիսին է, որ իշխանությանն անհրաժեշտ է երրորդ աստիճանի հավատարմություն: Ահա թե ինչու են Եվտուշենկովի ձեռքից խլում «Բաշնեւթը», եւ նման իրադարձություններ Ռուսաստանում մոտ ապագայում դեռ շատ կլինեն:

Պարզ է նաեւ, որ նման վերաբաշխումը խիստ բացասաբար է ազդում ներդրումային մթնոլորտի վրա, ինչը խորացնելու է տնտեսական ճգնաժամը եւ առաջ է քաշելու նոր վերաբաշխումների անհրաժեշտություն: Շրջանը փակվեց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Փաստորեն Եվտուշենկոն ոչ մի ապօրինի գործարք չի արել և այդ միլիոնները զուտ ազնիվ քրտինքով է աշխատել : Իսկ Բաշկիրիայի ձերբակալված նախագահն ու իր աղջիկը նույնպես հրեշտակներ են և Բաշնեվտ-ը իր ճիշտ գնով էլ ծախել են: Ի վերջո Ռուսաստանում ոչ ոգու իրավունք չունեն դատեն, քանի որ … քանի որ դա Ռուսաստանն է և այնտեղ ոչ մի ճիշտ բան չի կարող լինել….
    Մոտավորապես՝ ա լյա Ջենիֆեր Փսակի))))))))))))))

  2. Գալուստ Ենոքյան says:

    Ես օրինակ լրիվ համոզված եմ որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատ ընկերները Աբրամովիչը, Սեչինը….. բոլորը ազնիվ ճանապարհով եվ դառը քրտինքով են ձէռք բերել իրենց ունեցվածքը ինչքան գիտեմ Պուտինի պապի Պետերբուրգյան բախչում աշխատելուց, ճիշտ այնպես ինչպես Սամվել Ալեքսանյանն էլ Սերժիկի պապու բախչից…դե մենք ել նախանձ ախպարներ ենք…

    Հագելի Արամի վերլուծությանը կուզեի ավելացնել որ երկու տմտեսական ձեվերում էլ եվ օրինական հիմքի վրա եղած մրցակցային շուկայական տնտեսաձեվի եվ «քրեա-քաղաքա-տնտեսական» ձեվի հիմնական շարժիչ ուժը սովորական մարդկային «ագահությունն» է, եվ երկու դեպքում էլ այն պատճառ է դառնում տնտեսական ճգնաժամերի եվ եթե տնտեսաձեվը օրինական հիմքի վրա է, «ագահությունը» թափ է տալիս նոր ստեղծագործ ուժերի… դե իսկ «քրեա-քաղաքա-տնտեսական» ձեվում ցավոք սրտի այդ «ագահությունը» կարող է պատճառ դառնալ Համաշխարհաին պատերազմների ինչպես էին համար 1 եվ 2 եվ ինչու չէ նայեվ գալիք 3…
    Ցավոք եթե ուշադիր նայեք Ռուսաստանի վերջին 3 դարերի պատմությանը այնտեղ իրական շուկայական տնտեսական հարաբերությունները թերեվս եղել են միայն երեվի Լենինի նախաձեռնությամբ, ՆԵՊ ի տարիներին էն ել մի կարճ ժամանակամիջոցում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930