Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպի սպասելիս…

Սեպտեմբեր 24,2014 16:30

Հայաստանում եւ Ղարաբաղում մեծ անհամբերությամբ էին սպասում Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքին: Ոմանց կարծիքով՝ դրական արդյունքի դեպքում Շոտլանդիայի հանրաքվեն նախադեպ եւ լավ օրինակ կարող էր լինել գերտերությունների համար: Ղարաբաղում անգամ պատրաստվում էին մեծ շուքով ու տոնակատարությամբ նշել Շոտլանդիայի անկախության հռչակումը: Հայաստանում էլ պատրաստակամություն էին հայտնում Լոնդոնի ճանաչումից հետո առաջիններից մեկը ճանաչել Շոտլանդիայի անկախությունը՝ երեւի ներքուստ հույս ունենալով, որ մեր այդ քայլը բարձր կգնահատի առաջինը Շոտլանդիան ու փոխադարձաբար կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Շոտլանդացիների քայլն էլ նախադեպ կդառնա մյուսների համար: Բայց ափսոս, շոտլանդացիների ավելի քան հիսուն տոկոսը «ոչ» ասաց անկախությանը: Եվ հայության մի մասի երազած նախադեպը չստացվեց, թեեւ անկեղծ ասած՝ Շոտլանդիայի օրինակը ոչ մի առումով նախադեպ չէր կարող լինել: Այնուամենայնիվ, եթե ոչ նախադեպ, ապա դաս այն կարող է լինել Հայաստանի համար: Հիմնական դասը պետք է լինի այն, որ միություններ կազմելիս ու միություններից դուրս գալիս որոշումը միանձնյա պետք չէ ընդունել ու ոչ էլ մեկ օրում՝ պարզապես այդ մասին հետագայում տեղյակ պահելով ժողովրդին ու անմիջապես անցնելով ճանապարհային քարտեզի մշակմանը:

2011 թվականին Շոտլանդիայի ազգային կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո խոստացավ անկախության հանրաքվե անցկացնել, Մեծ Բրիտանիայի կենտրոնական իշխանությունն էլ խոստացավ չխոչընդոտել: 2013 թվականին, երբ արդեն հայտարարվել էր 2014 թվականին հանրաքվե անցկացնելու մասին, Շոտլանդիայի կառավարությունը հրապարակեց «Շոտլանդիայի ապագան» 670 էջանոց փաստաթուղթը, որտեղ մանրամասն ներկայացված էր անկախ պետություն դառնալու ճանապարհը, դրան հասնելու միջոցներն, ու թե ինչ է սպասվում ժողովրդին անկախությունից հետո:

Հիմա մենք պատրաստվում ենք միանալ Եվրասիական միությանը: Որտե՞ղ է ժողովրդին ներկայացվող նման հիմնարար փաստաթուղթը, որտե՞ղ են դրա քաղաքական ու տնտեսական մանրամասն հիմնավորումները, առավելություններն ու մարտահրավերները: Եվ ամենակարեւորը՝ կա՞ն արդյոք այն մեխանիզմները, թե ինչ քայլերով հետագայում, եթե այդպիսի ցանկություն ու կարիք հանկարծ առաջանա, Հայաստանը կարող է հրաժարվել անդամակցությունից: Արդյոք դրա համար անկախության հանրաքվե՞ է անհրաժեշտ լինելու, թե՞ այլ ուղիներ կլինեն…

Շոտլանդիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը խոստացավ եւ կատարեց հանրաքվե անցկացնելու մասին խոստումը: Եվ հանրաքվեի բացասական արդյունքից հետո էլ, վստահաբար, նախապես կհայտնեն ժողովրդին հետագա քայլերի մասին: Տեսնես մեր իշխանությունները ե՞րբ են պատրաստվում զրուցել ժողովրդի հետ:
Թե՞ ժողովրդին միայն ստատիստի դեր է հատկացված՝ լուռ հետեւել զարգացումներին ու հնարավոր նախադեպերին: Հիմա էլ երեւի անհամբերությամբ կսպասեն Կատալոնիայի անկախության հանրաքվեին՝ հույսով, թե այն կարող է ինչ-ինչ խնդիրների լուծման համար նախադեպ դառնալ:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930