Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմերը փչելիս ոչ թե խաղալիք է ուզել, այլ մոր համար՝ առողջություն

Սեպտեմբեր 24,2014 16:00

Երջանիկ մանկությունը երազանք է
Նելլի Գալստյանի երեք երեխաների համար

5-ամյա Սերգեյն այս տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս Աստծուց ոչ թե խաղալիք կամ համակարգիչ է ուզել, այլ առողջություն՝ մայրիկի համար: Սերգեյի մայրը՝ 43-ամյա Նելլի Գալստյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է: Փոքր հասակում մանկական կաթված (պարալիչ) է տարել, եւ հիվանդությունը նրանից խլել է առողջությունը: Գալստյանների ընտանիքն ապրում է Երեւանի Կոնդ թաղամասում՝ խոնավությունից բորբոսնած տանը, որտեղ չկան ապրելու համար նույնիսկ նվազագույն պայմաններ: 21-րդ դարում այս ընտանիքը ոչ լոգարան ունի, զուգարանն ու խոհանոցն էլ դրսում են: Տան պատերն էլ կառուցման օրվանից ի վեր այդպես էլ հողաշեն մնացել են, չեն վերանորոգվել:
«Մեր տուն մտնելուց պարզ երեւում ա, որ այն երբեւէ չի վերանորոգվել. դռներն ու պատուհանները հին են, չկա ջեռուցման համակարգ, չունենք կենցաղային պայմաններ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է տիկին Նելլին: Ամուսնու ձերբակալվելուց հետո ընտանիքի մայրը ստիպված է եղել օրուգիշեր աշխատել՝ երեխաներին պահելու համար:
«Ամեն ինչ այլ կլիներ, եթե ամուսինս ազատության մեջ լիներ, կաշխատեինք, թեւ-թիկունք կլինեինք իրար, բայց ինչ ուզում ա լինի՝ երեխեքիս պետք ա իրանց նպատակին հասցնեմ, սովորեն, որ հետագայում մեզ պես չապրեն, ապահով կյանքով ապրեն»,- ասում է տիկին Նելլին: Նրա խոսքերով՝ մեծ տղան՝ Ռուբենը, որոշել է շախմատիստ դառնալ, իսկ դուստրը՝ 13-ամյա Մարինեն, բժշկուհի: Չնայած սոցիալական ծանր պայմաններին՝ Մարինեն դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ, ապագայի նկատմամբ էլ մեծ հույսեր ունի: Մարինեն համոզված է, որ շատ աշխատելու ու լավ սովորելու դեպքում կկարողանա հաջողության հասնել.

Nelly_Galstyan_1

«Ճիշտ ա՝ մենք հիմա վատ վիճակում ենք, հազիվ ենք ծերը ծերին հասցնում, բայց կգա մի ժամանակ, երբ մենք էլ կապրենք բոլորի նման»,- ասում է նա ու ավելացնում, որ ազատ ժամանակ օգնում է մայրիկին տան գործերում, ճաշ է պատրաստում: Այս ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը տիկին Նելլիի 45 հազար դրամ աշխատավարձն է, նպաստն ու հաշմանդամության թոշակը, այդ ամբողջն իրար գումարած չի բավականացնում ոչ կոմունալ ծախսերը հոգալուն, ոչ ընտանիքի նորմալ սնվելուն, ոչ էլ հագուստ ու կոշիկ գնելուն:

«Էդ փողով ի՞նչ անեմ՝ հա՞ց առնեմ, լույսի փո՞ղը տամ, թե՞ երեխեքիս պահեմ»,- սրտնեղում է երեք երեխաների մայրն ու խոստովանում, որ երբեմն իր ընտանիքին օգնության ձեռք են մեկնում հարեւանները: Ձմեռը դեռ չի եկել, բայց տիկին Նելլիի սիրտն արդեն դող է ընկել. մտածում է՝ այս համատարած թանկացումներին՝ գազի, հոսանքի, ընտանիքն ինչպե՞ս է դիմակայելու ձմռանը: Նրա պատմելով՝ անցած տարի էլեկտրաէներգիան խնայելու համար ընտանիքը բնակարանը ջեռուցել է փայտե վառարանով, եւ որպեսզի երեխաները ցրտից չսառչեն, եռացրած ջրով լի շշերը լցրել է ու նրանց տաքացրել:

«Ամեն տարվա նման, էս տարի էլ էստեղից-էնտեղից փայտ ու թուղթ կհավաքենք, կվառենք, շշերի մեջ էլ ջուր կլցնենք, կգրկենք-կքնենք»,- ասում է տիկին Նելլին: Չնայած փոքր տարիքին՝ երեխաները հասկանում են վիճակի լրջությունն ու ավելի զուսպ են պահանջմունքների բավարարման հարցում: Ըստ տանտիկնոջ՝ երբ նրանցից մեկի մոտ կոնֆետ է լինում, առանց քույր-եղբոր չի ուտում, պարտադիր մյուսներին էլ է բաժին հանում: Տիկին Նելլիի՝ կյանքից սպասելիքներն էլ համեստ են. ուզում է, որ երեխաներն առողջ լինեն ու բարեկեցիկ կյանքով ապրեն:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930