Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քրիստիան Դիորի» դերձակուհին Սիլվա Կապուտիկյանի համար էլ է շոր կարել

Սեպտեմբեր 24,2014 15:30

«Հայրս հին քոլոխ մարդ էր եւ միշտ գսեր՝ աղջիկ երեխա է, թող գարել սովրի: Հայերը ադ փանը ունին, թե աղջիգ ես, գար անել պիդի սովրիս: Երբ 13 դարեգան էի, հայրս չթողեց այլեւս դպրոց գնամ: Ֆրանսիայում գեշ ժամանակներ սկսած էին. 1939 թիվն էր, տնից դուրս գալը՝ վտանգավոր. բաբայիս մեկ հադիկ աղջիգն էի, գվախնար ինձ ալ գոցե: Մեր հարեւանը, որը դերձակ էր, ձնողներս ուղարկեցին անոր մոդ՝ թել-ասեղ բռնել սովրելու»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է ֆրանսահայ 92-ամյա դերձակուհի Սիլվա Պիրիլիանը: Իր գործի մեջ մասնագիտացած դերձակն աշխատել է «Քրիստիան Դիոր» եւ հայտնի այլ բրենդային ընկերությունների հետ, հագուստ կարել նաեւ հայ ու ռուս հայտնի արվեստագետների համար:

Տիկին Սիլվայի ընտանիքն էլ Եղեռնի տարիներին Ֆրանսիա է հասել Ցեղասպանությունից մազապուրծ լինելով եւ բնակություն հաստատել Մարսել քաղաքում:
«Հորս ընտանիքին թուրքերը սպանաձ են լինում եւ նաեւ մորս ամուսնուն, ու երգուսն ալ ընդանիքները կորցրաձ ու իրարու հեդ նոր ընտանիք կազմեցին»,- պատմում է տիկին Սիլվան: Արեւմտյան Հայաստանում տիկին Սիլվայի հայրը մեծ կարողություններ է թողնում ու վերցնելով ֆրանսիացի մի ընկերոջ ազգանունը՝ ընտանիքին տեղափոխում է Ֆրանսիա, որտեղ եւ ծնվում է Սիլվա Պիրիլիանը:

Դերձակուհու պատմելով. «Տարիներ անց բաբաս նորեն հետ կերթա իր դուն ու դեղին տեր կանգնելու, փայց թաթարկաձեռն ետ գուքա. ամփողջը թուրքերը վերցրաձ էին: Հույսներս կդրաձ նորեն տեղափոխվինք Ֆրանսիա»: Վերջնականապես հաստատվելով Եվրոպայում՝ ընտանիքը սկսում է հարմարվել ֆրանսիական վարք ու բարքերին:

«Ինձ համար տանը գար կանեի: Էն թվերուն մեջ միջակ գար անող չգար, գամ բարձր դերձակուգիներ կային, կամ պզդիգ դերձագուհիներ, որ դանը կգարեին: «Քրիստիան Դիոր»-ի արհեստանոցներից մեգի «վիտրինայում» հայտարարություն կար, որ պահանջվում է աշխատող, հինգշաբթի գնացի՝ երգուշաբթի օրվանից արդեն սկսեցի աշխատել»,- ասաց տիկին Սիլվան:

Հայտնի դերասանների, երգիչ-երգչուհիների համար հագուստներ կարած դերձակուհին հիշում է, թե ինչպես էին բոլոր դերձակուհիներով անհամբեր սպասում, թե երբ է երգիչ Տինո Ռոսսին գալու արհեստանոց հագուստները փորձելու եւ դերձակուհիների համար երգելու, կամ ինչպես էին հեռվից հիանում դերասան Ֆեռնանդելի գեղեցկությամբ. «Ֆրանսիայում դժվար էր հայդնի մարդկանց հետ շփվելը՝ հեռվից գտեսնեինք: Երբ եգա Հայաստան եւ առիթ եղավ ջանաչվաձ մարդկանց համար զգեստ գարելու, ափշեցա. այստեղ շատ համեստ գաբրեին արվեստագետները: Առաջին անգամ երբ լսեցա «յոլա» բառը, չհասկացա, փայց հեդո դեսա, որ Հայաստանում «յոլան» էլ շատ աղվոր վիճագ է»,- պատմում է տիկին Սիլվան: Նրա խոսքերով՝ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել, երբ Սիլվա Կապուտիկյանի համար հագուստներ է կարել. «Ան ինքը գսիրեր իր հագուստները նգարիլ, քիչ մը բձախնդիր էր՝ ամեն մասնիգին ուշադիր գլլար: Ֆռանսիայից ժուռնալներ էի բերում եւ իրեն թուր եգաձ մասնիգներով նոր զգեստ էր նգարում: Ան շադ կաշխադեր, եւ երբ մեր դուն գուքար, կմեգնվեր դեղաշորին վրա՝ քիչ մը հանգստանալու: Քիչ կխոսեր, ստալինյան ժամանագներն էին, գաքսորեին փան մը խոսացողի»:

Դերձակուհի Սիլվայի համոզմամբ՝ Սիլվա Կապուտիկյանը շատ հայրենասեր էր եւ գտնում էր, որ բոլոր հայերը պետք է իրենց հայրենիքում՝ Հայաստանում ապրեն. «Նա միշտ գսեր՝ սա է նրանց տունը»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ այն տարիներին Հայաստանում մեծ դժվարությամբ է աշխատել, քանի որ արգելված է եղել առանձին արհեստանոց բացելը: Տիկին Սիլվայի պատմելով՝ կամ դերձակն էր թաքուն գնում պատվիրատուի տուն, կամ պատվիրատուներն էին թաքուն այցելում դերձակին. «Այնբես եղավ, որ ինձ մադնել էին, թե դանը կաշխադիմ, եգան որ ստուգեն, եղբորս ալ այդ բադջառով աքսորեցին Սիբիր, ինչ է թե՝ դանը գոշիգ գգարե, երբ բեդագան աշխադողները եգան մեր դուն, ըսեցի, թե ինձ ու իմ ընդանիքես համար գգարիմ: Հավադացին ու ինձ հանգիսդ թողեցին»:

Սիլվա Պիրիլիանը շատ հայտնի այլ պատվիրատուներ էլ է ունեցել. «Դերասանուհի Իզաբելլա Դանզասի համար շոր գկարեի, քանդակագործ Արա Սարգսյանի տիգնոջ համար»:

Այդ տարիներին կապի միջոցների բացակայության պատճառով հայտնի դերձակուհու տեղը մարդիկ միմյանցից հարցնելով են իմացել: Նույնիսկ կաշառել են ոմանց, որպեսզի գտնեն դերձակին: Այդպես է դերձակ Սիլվային գտել նաեւ դերասանուհի Վերջալույս Միրիջանյանը: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց տիկին Սիլվան, դերասանուհու ամուսինը՝ Գեւորգ Ասլանյանը, ստիպված է եղել հարեւանուհու մի «փութ» ցորենը շալակած մի քանի կիլոմետր տանել, որպեսզի նա ասի դերձակուհու տեղը:
Չնայած տասնամյակների հարուստ փորձին՝ տիկին Սիլվան վաղուց արդեն չի զբաղվում կար ու ձեւով եւ ոչ էլ նրա արհեստը շարունակող կա ընտանիքում: Ապրում է Ֆրանսիայում եւ պարբերաբար այցելում Հայաստան:

«Սիրում եմ Հայասդանը, բայց ցավով գդեսնեմ, թե որքան կդանջվեն էստեղ: Ամեն անգամ գալուց ուզում եմ օգտագար ըլլալ հայրենագիցներուս»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930