Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի վերջին խոսքը դատարանը չի լսել

Սեպտեմբեր 24,2014 14:30

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Արմեն Ղազարյանի եւ Գեւորգ Մարգարյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Արարատ Պետրոսյանը:

Որպես Արմեն Ղազարյանի շահերի պաշտպան՝ նախորդ դատական նիստում ներգրավվել էի ես՝ փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ղասաբողլյանս եւ միջնորդել գործի քննությունը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով:

Դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգել: 19.09.2014թ. դատական նիստի ընթացքում, միջնորդությունների փուլում հանդես եկա դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ եւ երբ ցանկանում էի հրապարակել միջնորդությունը, կապված Արմեն Ղազարյանի՝ որպես վկայի լրացուցիչ հարցաքննության արձանագրության, նրա՝ որպես կասկածյալ եւ ապա որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրության եւ գործով մյուս ամբաստանյալ Գեւորգ Մարգարյանի առերես հարցաքննության արձանագրության որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու հետ, դատավորներից պարոն Ս.Համբարձումյանը ընդհատեց եւ սկսեց պարզաբանել, որ խոսքը նոր ապացույցներ ներկայացնելու եւ այդ հիմքով միջնորդությունը ներկայացնելու մասին է, եւ ոչ թե գործում հետազոտված ապացույցների վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու եւ իբրեւ «հուշում» առաջարկեց՝ ոչ թե միջնորդությամբ հանդես գալու, քանի որ այն խորհրդակցական սենյակում քննության առնելու հետ է կապված, այլ որպես ի լրումն բերված բողոքի:
Ես վկայակոչելով ՀՀ քրեկան դատավարության օրենսգրքի 382 հոդվածի 3-րդ մասը՝ դատարանին հայտնեցի, որ հոդվածը վերաբերում է ոչ միայն նոր ապացույցներ ներկայացնելուն, այլեւ կողմը զրկված չէ ներկայացնելու միջնորդություն, եթե օբյեկտիվորեն հիմնավորի, որ նման միջնորդություն ներկայացնելու հնարավորություն առաջին ատյանի դատարանում չի ունեցել կամ եթե դատարանը անհիմն պատճառաբանությամբ է մերժել ներկայացված միջնորդությունը:

Որպես պատճառաբանություն նշեցի, որ ես առաջին ատյանում գործի քննությանը չեմ մասնակցել, իսկ թե մյուս պաշտպանը ինչու հիշատակված միջնորդությունը չի ներկայացրել, այլ դրսեւորել է «անգործություն», չեմ կարող ասել, սակայն միանշանակ դրանից չի կարող տուժել իմ պաշտպանյալը, քանի որ այդ պարագայում կխախտվի նրա պաշտպանական իրավունքը:

Սակայն դատարանը, անտեսելով վերը հիշատակվածը, մերժելով միջնորդությունը քննության առարկա դարձնել, ինձ հնարավորություն տվեց միայն որպես ի լրումն բերված վերաքննիչ բողոքի ներկայացնել այն: Ես ստիպված վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տված դատավարական նորմերի խախտումները դատական նիստի արձանագրության մեջ մտցնելու նպատակով միջնորդությունը վերածեցի ելույթի եւ դատարանի ուշադրությունը հրավիրեցի, որ 12.12.2014թ.-ին որպես վկայի լրացուցիչ հարցաքննության արձանագրության մեջ իմ պաշտպանյալը տալով խոստովանական ցուցմունք, որն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, փոխարենը դադարեցնելու որպես վկայի լրացուցիչ հարցաքննությունը, եւ վերջինին ներգրավելու որպես կասկածյալ, պարզաբանելով իր իրավունքներն ու պարտականությունները, շարունակել է նրա հարցաքննությունը որպես վկա, տալով հանցագործության մեջ վերջինին մերկացնող հարցեր, որպես վկա նախազգուշացնելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին:

21.12.2014թ.-ին, շուրջ 9 օր անց, նոր միայն Ղազարյանին ներգրավել է որպես կասկածյալ, հարցաքննել այդ կարգավիճակով:

Հիշատակեցի նաեւ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ՝ կապված պաշտպանական իրավունքի խախտման հետ, իմ խոսքում նաեւ նշեցի, որ իմ պաշտպանյալն իր վերջին խոսքում ավելի մանրամասն դրան կանդրադառնա:
Սակայն դատարանը ընդհատելով ինձ՝ հարցրեց, թե արդյոք իմ թվարկած թերություններն անդրադարձե՞լ են իմ պաշտպանյալի վրա եւ դրվել դատավճռի հիմքում: Որպես հակադարձում՝ ես պատասխանեցի, որ նշված ցուցմունքի հիմքով է իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել, այդ ցուցմունքի հիմքով է նա ձերբակալվել եւ ապա կալանավորվել, սակայն դատարանը հեգնական տոնով հարցրեց, թե այլ ապացույցներ ունե՞մ ներկայացնելու եւ առանց իմ պաշտպանյալին վերջին խոսքի հնարավորություն տալու՝ հեռացավ խորհրդակցական սենյակ: Իսկ կայացված որոշումը բոլորիս պարզ է:

ԱՐՄԻՆԵ ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930