Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամությունը» ոչ թե ֆիզիկական է լինում, այլ մտքի»

Սեպտեմբեր 24,2014 14:00

Ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը՝
հաղթահարման ու լավատեսության մասին

Այս տարվա սկզբին ռեժիսոր Արեն Մալաքյանի (լուսանկարում) «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայում կայացած «Նոր ալիք» կինոփառատոնում «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթող էր ճանաչվել: Անցյալ տարի էլ Արենը մասնակցել է «Աշխարհը արեւածագից մինչ մայրամուտ» լեհական վավերագրական նախագծին, որի շրջանակներում նկարահանել էր «Տատ ու պապ» ֆիլմը: Վերջինս արժանացել էր նաեւ Անջեյ Վայդայի կինոդպրոցի մի քանի պրոֆեսորների ուշադրությանը:

Արեն Մալաքյանի երրորդ՝ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը նույնպես չի վրիպել պրոֆեսիոնալների ուշադրությունից: Այն արդեն ցուցադրվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, նոյեմբերին ռեժիսորը նույն ֆիլմով կմեկնի Կանադա, նաեւ առաջարկ ունի աբխազական բուհական ծրագրի շրջանակում եւս ցուցադրել: Ֆիլմը պատմում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, որոնք ուժեղ են, լավատես ու երազանքներով լի: «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի հիմքում համանուն մի նախագիծ է, որտեղ պարուսույց Արինա Արարատյանի շնորհիվ կողք կողքի հանդես են գալիս հաշմանդամություն ունեցողներ եւ պրոֆեսիոնալ պարողներ: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նկարել է ներկայացման համերգային տարբերակը, Արեն Մալաքյանին առաջարկվել է ֆիլմ նկարել:

6-1

Ֆիլմի հերոսուհին:

Արենն ասում է, որ մինչ ֆիլմը տեղյակ չէր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, եւ չգիտեր, որ Հայաստանում նրանց թիվը շուրջ 190000 է: «Ամեն դեպքում, թեման ինձ հետաքրքիր էր: Երբ պլանավորվում էր ամեն ինչ, ու քննարկումների մեջ էինք, որոշեցինք, որ ֆիլմը լինելու է հաղթահարման մասին, այլ ոչ թե այնպիսին, որ մարդիկ նայեն ու խղճան: Եվ իսկապես, երբ ֆիլմը նայում ես, ուզում ես իրենց նման ուժեղ լինել, հասնել իրենց: «Փյունիկ» կենտրոնում էին փորձերը: Հինգ-վեց ամիս ամեն օր նկարում էինք, ասես ձուլվել էինք իրենց հետ: Մի օր, որ չէի տեսնում, կարոտում էի իրենց: Ընկերացել էինք, ու իրենք այլեւս կամերայի գոյության մասին մոռացել էին: Վերջում ամեն ինչ այնքան օրգանական ներդաշնակության մեջ էր, չկար որեւէ արհեստական բան»,- պատմում է Արենը: Նաեւ զարմանքով հավելում. «Փյունիկում» պարզեցի, որ մարդիկ կան, որոնք անգամ հնարավորություն չունեն տանից դուրս գալու, Երեւանում ընդամենը կա երկու հարմարեցված մեքենա՝ հաշմանդամներին տեղափոխող: Ուրախացա, որ գոնե խուլուհամրերի մշակույթի կենտրոն կա: Հերոսություն է, որ չլսող երեխաները երաժշտության տակ պարում են ու հայտարարում են, որ կանգ չեն առնելու, գնալու են առաջ: Մինչդեռ, այն, ինչից մե՛նք բողոքում ենք, ուղղակի ծիծաղելի է: Նրանց հետ անցկացրած վեց ամիսներն ինձ մի ողջ կյանքի էներգիա են տվել…Իմիջիայլոց, վերջում չէր զգացվում, թե ով է պարողներից պրոֆեսիոնալ, ով՝ ոչ: Երբ բոլորը գլուխ են տալիս հանդիսատեսին, դու տեսնում ես, թե ոնց է պրոբլեմը հաղթահարվել, եւ բոլորը նույն հարթակի վրա են»:

Անդրադառնալով ֆիլմի՝ «Աղջիկը լուսնի վրա» վերնագրին, երիտասարդ ռեժիսորն ասաց, որ ընտրությունը պատահական չէ. «Նախագծի անունն էր, հետո դարձավ ֆիլմի անունը: Եթե հիշում եք, ֆիլմում դրվագ կա, որտեղ աղջիկը խոսում է իր երազանքի մասին՝ նստել լուսնի վրա ու թափահարել ոտքերը: Այս ֆիլմում ընդհանրապես պատահական ոչինչ չկար, երեւի տրված բան էր»:

Մեր զրուցակիցը փաստում է, որ ֆիլմը պրոֆեսիոնալները շատ են հավանել, հանդիսատեսն էլ է ընդունել, քննադատություններին էլ նորմալ է վերաբերվում:
Արեն Մալաքյանը կինոժանրերի մեջ խտրականություն չի դնում: «Այդպիսի բան չունեմ, որ անպայման խաղարկային եմ նկարելու, եթե ճիշտ է, որ ասելիքդ դոկումենտալով մատուցես, դոկումենտալ եմ նկարում: Կարեւորը կինո լինի ու լավ կինո լինի… Շատերն ասում են, եթե միջամտում ես, արդեն դոկումենտալ չի, ինչին էդքան էլ համաձայն չեմ: Օրինակ, «Աղջիկը՝ լուսնի վրա» ֆիլմում էլ ենք միջամտել, բայց ոչ թե երեխաներին ասել ենք այսպես արեք, կամ այնպես, միջամտել ենք պարուսույցի միջոցով, նա «լարվածություն» է մտցրել, մի քիչ «ձգել» երեխաներին, ու ստացել ենք կոնֆլիկտ: Մենք միջամտել ենք կոնֆլիկտի ստեղծմանը, բայց ոչ երեխաների ռեակցիային: Խաղարկային ֆիլմում այդպես չէ, այնտեղ ամեն ինչն է հաշվարկված»:

Արեն Մալաքյանը հարցազրույցի ավարտին հավելեց, որ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմից հետո սկսել է վերագնահատել իր կյանքը, արժեքները. «Կուզենամ բոլոր հաշմանդամություն ունեցողները լինեն այնքան ուժեղ ու ինքնավստահ, ինչպես իմ ֆիլմի հերոսները: Մանավանդ բոլորն էլ հասարակության լիիրավ անդամ են, ու «հաշմանդամությունը» ոչ թե ֆիզիկական է լինում, այլ հոգեւոր, մտքի…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930