Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ներել, ապա մեր նահատակները պետք է ներեն»

Սեպտեմբեր 24,2014 13:30

«Առավոտը» հանդիպեց ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության նախագահ, Գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի (լուսանկարում) հետ: Առիթը «Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակած՝ գրողի «Շշուկների մատյան» գիրքն է, որ գեղարվեստական ժանրում ներկայացնում է հայ ժողովրդի ցավն ու կորուստները՝ կապված ցեղասպանության հետ: Մասնագետների բնորոշմամբ՝ այն ցեղասպանության ու դրա հետեւանքների նորովի մեկնաբանություն է: Գրողը հեղինակ է տարբեր գրքերի, որոնցից առավել հայտնի դարձավ «Շշուկների մատյան» վեպը: Վերջինս Ռումինիայում հրատարակվել է 2009թ., թարգմանվել 7 լեզվով, իսկ մի շարք երկրներում բեսթսելլեր է դարձել: Գիրքը ժամանակին մեծ աղմուկ է հանել Թուրքիայում: Իսկ ո՞րն էր դրա իրական պատճառը հարցին Վարուժան Ոսկանյանը պատասխանեց. «Թուրքիայի դեսպանը նույնիսկ բողոքի նոտա էր հղել Ռումինիայի կառավարությանը, նշելով, թե իբր գիրքս վիրավորում է թուրք ժողովրդի զգացմունքները: Թե ինչով էր վիրավորում՝ չգիտեմ: Որովհետեւ վիրավորվածները մենք ենք, այլ ոչ թե իրենք: Հակառակը՝ գիրքս բնավ ատելություն չի քաջալերում թուրք ժողովրդի հանդեպ: Մեծ հայրս՝ Սեդրակ Մելիքյանը, ցեղասպանությունը վերապրեց, որովհետեւ նրան թուրք ընտանիք օգնեց: Նա հիվանդ էր, այդ ընտանիքը նրան գտավ, ախոռի մեջ գաղտնի պահեց եւ մեծ հայրս այդկերպ փրկվեցավ: Այնպես որ, ինչ-որ չափով պարտական եմ որոշ թուրքերի բարեպաշտությանը: Պետք չէ խառնել խնդիրները. մարդկային կապերը մեկ բան են, իսկ իշխանությունների գործերն՝ այլ»:

Պարոն Ոսկանյանին հիշեցրինք, որ ինքը ժամանակին հնչեցրել է ցեղասպանության խնդրին առնչվող երեք սեփական դիրքորոշում. ա՝ մոռանալ կատարվածը, բ՝ ներել թուրքերին, գ՝ վրեժ լուծել, ասելով, որ եթե մոռանալ, ապա անձնասպանություն գործած կլինենք, վրեժ լուծելը շարունակական բնույթ կկրի, իսկ ներողամիտ լինելու համար պետք է վստահ լինել, որ կատարվածը չի կրկնվի: Իսկ թե ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին երեք տարբերակների հեղինակը որի՞ն է տալիս նախապատվություն, պարոն Ոսկանյանն ասաց. «Դրանք ոչ թե տարբերակներ են, այլ քայլեր: Մոռանալը բացառվում է, ներելու հարցը, որ դեռեւս պտտվում է ուղեղումս, իրականություն կդառնա միայն մեկ դեպքում՝ երբ երկրորդ կողմը (նկատի ունի թուրքերին) ճանաչի իր մեղքը այնպես, ինչպես գերմանացիների ու հրեաների դեպքում: Իսկ եթե ներել, ապա մեր նահատակները պետք է ներեն Խնդրի վերջնական լուծման համար, ըստ իս՝ չորս հարթություն է անհրաժեշտ՝ միջազգային իրավունք, բարոյական, տնտեսական եւ պետական: Անկեղծ ասած՝ վստահ եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի: Այդ երկրի առջեւ էլ հարցի լուծման համար բազում խնդիրներ կան դրված եւ նրանք դա, վստահ եմ, հիանալի գիտակցում են: Օրինակ՝ եկեղեցիները, գերեզմանատները պետք է վերադարձվեն հայերին…»: Հետաքրքրությանը՝ այսօր ի՞նչ քայլեր է ձեռնարկում սփյուռքը, մասնավորապես՝ Ռումինիայի սփյուռքը, պարոն Ոսկանյանը նշեց, որ սփյուռքը երբեւէ հայ գաղափարախոսություն չի ստեղծել, սփյուռքը ընդամենը համայնք է, հետո էլ պատասխանեց. «Առաջին համաշխարհային պատերազմից հետո բավականին զորավոր էր ռումինահայ համայնքը ոչ միայն ազդեցությամբ, այլեւ թվով: Ռումինիան առաջին պետությունն էր, որն իր նավահանգիստները բացեց ցեղասպանության վերապրողների՝ նանսենյանների համար եւ դրա համար համայնքը, որ Եվրոպայի հնագույն համայնքն է (հայերը Ռումինիա են եկել շուրջ 1000 տարի առաջ), բավականին զորացավ: Կարող եմ ասել, որ Հայաստանի առաջին կառավարության անդամների մոտավորապես կեսը Ռումինիայում էին եւ կարող էինք նույնիսկ արտասահմանում հայկական կառավարություն ստեղծել՝ Քաջազնունուց մինչեւ Դրաստամատ Կանայան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դժբախտաբար, շատ հայեր, որոնք չհամակերպվեցին համայնավարությանը, գաղթեցին Արեւմուտք: Այնպես որ, համայնքի թիվը այժմ փոքր է՝ մի քանի հազար, բայց ազդեցիկ ենք: Ընդ որում, մեր ձայնը որպես զորավոր ձայն է ընկալվում»: «Զորավոր» ձայնի առիթով մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «1990-ից հետո մեր համայնքն արմատացած է Ռումինիայի պատմության մեջ: Հետեւաբար որոշեցինք մեր կարիքները հոգանք քաղաքական ասպարեզում: Օրինակ՝ Սահմանադրության մեջ մեզ հաջողվեց ամրագրել մի կետ, ըստ որի՝ ազգային փոքրամասնությունները նույն իրավունքներն ունեն մասնակցելու ընտրարշավներին եւ ունենալու իրենց թեկնածուները: Հայ համայնքը 1990թ. սենատոր ունեցավ խորհրդարանում եւ դրանից հետո շարունակաբար մեր ներկայացուցիչը միեւնույն ժամանակ ազգային փոքրամասնությունների պատգամավորական խմբի լիդերն է: Միայն 6 տարի ես ներկայացրի համայնքը, իսկ ամենամեծ ուժը մեր միավորված լինելու մեջ է»:
Վարուժան Ոսկանյանի հավաստմամբ՝ «Ռումինիայի հայ համայնքը աշխարհում այս պահին ամենալավ դրության մեջ է: Նրա խոսքերով՝ աշխարհում չկա որեւէ այլ հայ համայնք, որն ունենա համապատասխան այնքան իրավունքներ, ինչպես մենք՝ Ռումինիայում: Օրինակ, մեր քահանաները պետության կողմից են աշխատավարձ ստանում, մեր կիրակնօրյա դպրոցների ծախսերը եւ ուսուցիչների աշխատավարձերը նույնպես վճարվում են պետության կողմից, մեր թերթերի ծախսերն էլ է հոգում պետությունը: Կարճ ասած՝ Ռումինիայի բյուջեում առանձին տող կա, որ ֆինանսներ է նախատեսում Ռումինիայի հայոց միության համար՝ մշակութային եւ կազմակերպչական հարցերը հոգալու: Մյուս կողմից՝ Ռումինիան ուզում է լավ հարաբերություններ եւ համագործակցություն զարգացնել սեւծովյան տարածքում: Դրա համար Ռումինիայի եւ Թուրքիայի տնտեսական ու քաղաքական կապերը բավականին զորավոր են: Ռումինիայի քաղաքական դասակարգն էլ շատ ուշադիր է նման նուրբ հարցերում: Չնայած մեք շատ հարգված ենք, շատ իրավունքներ ունենք, բայց ռումինական կուսակցությունները չեն ուզում առաջ անցնել ճանաչման ճանապարհին: Իբրեւ բարոյական հարց՝ ցեղասպանությունը ճանաչված է, բայց խորհրդարանը մինչ այժմ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել ցեղասպանությունը ճանաչելու մասին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930