Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ հասցեագրված հայրենապաշտներին

Սեպտեմբեր 24,2014 12:30
namak

Լույս է տեսել Լեւոն Մարգարյանի «Պիեսներ» գիրքը, որը յուրովի մտածողության, հայոց պատմության յուրօրինակ մեկնաբանության մատյան է։

Լեւոն Մարգարյան անունը լայնորեն հայտնի անուններից չէ, բայց նրա թատերգությունները ներկայացվել են տարբեր բեմերում, հնչել են ռադիոյով, գտել են իրենց ընթերցողին։ «Պիեսներում» զետեղված են «Դաշինք կրակի հետ», «Փշրվող մարտակառքեր», «Հայկ Նահապետ» թատերգությունները։

Գրքի նկարազարդումները յուրօրինակ բանալի են՝ հասկանալու հեղինակի մտահոգությունը, անհանգստությունը, զգոնության կոչը։

Նկարիչ Նիկօյին լիովին հաջողվել է ստեղծել այն տրամաբանությունը, որը հեղինակը հասցեագրել է իր երիտասարդ ընթերցողին։

«Դաշինք կրակի հետ» պատմական դրաման մեզ տանում է Կիլիկյան թագավորության ժամանակները, երբ եվրոպական պետությունները խարդավանքներ էին հյուսում այս անառիկ բերդ- ամրոցը տապալելու։ Այդ կոպիտ, բիրտ ուժին Մարգարյանը հակադրում է Կիլիկիայի ուժը՝ գիտությունը, արվեստը, բանաստեղծությունը, հայրենապաշտությունը։ Գլխավոր հերոսներից մեկը՝ Օշինը, Զաբել թագուհուն հիշեցնում է, որ «արդեն բազում դարեր մեր ինքնության վահանը եղել է բարոյականությունը… գայթակղություններն են ժողովրդին ամբոխ դարձնում»։

«Փշրվող մարտակառքեր» դրաման քրիստոնեության ընդունումն է՝ Տրդատ Երրորդի կերպարի նորովի լուծմամբ։ Ագաթանգեղոսյան հայտնի պատմությունը՝ Տրդատի խոտաճարակ դառնալը, այստեղ նոր լուծում է ստանում. Տրդատը «խաղում» է, նա օգնում է Լուսավորչին՝ մարգարե ներկայանալու եւ թագավորին բուժելու հավատի զորությամբ։ Այստեղ Տրդատը ներկայացվում է որպես հմուտ քաղաքագետ։

Իսկ «Հայկ Նահապետ» դրաման բաբելոնյան աշտարակաշինության եւ Հայկի խռովության կապն է հաստատում։ Հայկը չի ցանկանում մասնակցել աշտարակի շինությանը եւ հեռանում է Բելից. նրան օգնում է քրմապետը, որը Հայկի եւ նրա սերունդների հետագա կյանքի ձեւակերպումն է տալիս. «դատապարտված եք այն ինքնությանը, որը վրեժխնդրության զգացում չունի, եւ եթե յուրաքանչյուր ոք իր հայրենիքը համարի աշխարհի սիրտը, աշխարհը շատ ավելի պայծառ կդառնա»։

Սահմանին կանգնած զինվորին, ավագ դպրոցի պատանուն, ուսանողներին է հասցեագրված այս գիրքը, որը դաշինք է կնքում արդարության, խաղաղության, սիրո, ուժի եւ հայրենասիրության հետ։

Ցանկալի է, որ գիրքը գտնի իր հասցեատիրոջը եւ ընթերցվի դպրոցներում ու զորամասերում։

ՍՈՒՍԱՆՆԱ ԱԲԱԶՅԱՆ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան
ԼՀՀ-ի հայագիտության ամբիոնի
ավագ դասախոս

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930