Եվս մեկ դասարան ունենալու համար ուսուցիչները խնդրել են մարզպետին:
1970-ական թվականներին կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է 23 աշակերտ: Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ դպրոցում այս ուսումնական տարում 2-րդ դասարան չկա, 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում կա մեկական աշակերտ: Այժմ դպրոցում առկա է ընդամենը 4 դասարան: Օրերս Բարեկամավանի դպրոցի 4 ուսուցիչ՝ տնօրեն Աստղիկ Ազատյանի գլխավորությամբ եղել են Տավուշի մարզպետարանում, հանդիպել մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Նրանք մարզպետին են ներկայացրել դպրոցում թվով 5-րդ դասարան ունենալու խնդիրը: Մարզպետը խոստացել է հարցը ներկայացնել կրթության եւ գիտության նախարարին, խնդրին լուծում տալ:
Ա. Ազատյանն ասաց, որ տարբեր տարիքի երեխաներին դժվար է ընդգրկել եռակոմպլեկտ դասարաններում եւ նրանց համար բնականոն ուսուցում կազմակերպել: Դա ավելի բարդ է անել բարձր դասարանցիների պարագայում: Այդ երեխաները սահմանային գնդակոծություններից ստրեսներ են ունեցել: Բարեկամավանում մանկապարտեզ չկա, երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստացել: Գյուղում չի գործում մշակութային օջախ: Այս ամենը բարդացնում է բարեկամավանցի ուսուցիչների աշխատանքը, խանգարում ուսումնական գործընթացի արդյունավետությանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև