Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա»

Սեպտեմբեր 23,2014 22:00

Գագիկ Մակարյանը կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի պատճառով որոշ հիմնարկներ կարող են փակվել:

«Ցավոք սրտի, օրենքը բացասական հետեւանք կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքին, ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք` համաձայն օրենքի` ձեռնարկատերերը պետք է տրամադրեն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը: Առաջին անգամ չներկայացնելու դեպքում` առեւտրականը նախազգուշացում է ստանալու, երկրորդ անգամ` տուգանվելու է 20 հազար դրամիչափով, իսկ երրորդ անգամ` շրջանառության 5 տոկոսի չափով:

Գագիկ Մակարյանը նշեց, որ հարկային մարմիններն իրենք են հայտարարում, որ խոշոր ձեռնարկությունները թեեւ խոստանում են փաստաթղթեր տրամադրել փոքր ձեռնարկություններին, այնուամենայնիվ, այդպես չէ, այդպիսով` փոքր ձեռնարկությունները փաստաթղթեր ունենալու խնդիր ունեն: Սակայն կան ոլորտներ, որոնք խոշոր ձեռնարկություններով պայմանավորված չեն. «Օրինակ` էլեկտրոնիկայի խանութները, որոնք ռադիոդետալներ են վաճառում, կամ կան կազմակերպություններ, որոնց առեւտուրն առնչվում է տարբեր տեսակի գործիքների եւ նրա ենթատեսակների հետ, ապա դրանց փաստաթղթավորումը շատ բարդ է եւ տարբեր տեղերից են ձեռք բերում, այդ թվում եւ Վերնիսաժից, ինչ-որ գործարաններից կամ կարող է հեռուստացույց կամ ռադիո են քանդում, մեջի պիտանի դետալներն են հանում: Մի բան էլ` ամեն մի ռադիոդետալն ունի իր ենթատեսակները, եւ հնարավոր չէ այդ հազարավոր տեսակները վերածել փաստաթղթերի: Ռադիոդետալների խանութներ կան, որտեղ 10 հազար տեսակի դետալ է վաճառվում, այսինքն` կա օրենքը վերանայելու անհրաժեշտություն»:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ արդյունքում կարող է որոշ հիմնարկներ փակվեն կամ այլ գործունեություն ծավալեն: Այնուամենայնիվ, նա օրենքը սխալ չի համարում. «Պայքարում ենք ստվերի դեմ, պայքարում ենք նաեւ փոքրի ձեռքերով խոշորներից փաստաթղթեր ուզելով, որը բարդ է: Իհարկե’, ավելի լավ կլինի, որ պետությունը ինքն իր լծակները կիրառի խոշորի դեմ, որ նա փաստաթղթավորի, ոչ թե փոքրի ձեռքով ուզի անել դա. կրակից շագանակ հանելը փոքրի համար միշտ դժվար է: Մենք կոնֆլիկտի մեջ ենք դնում փոքր առեւտրային ձեռնարկություններին մեծերի հետ, բայց մյուս կողմից էլ պետք է քայլեր անել»:

Պարոն Մակարյանն անդրադարձավ նաեւ այսօր կառավարության շենքի դիմաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ մի խումբ առեւտրականների բողոքի ակցիային. «Փոքր ձեռնարկությունները, իմանալով, որ իրենք չեն կարող այդ փաստաթղթերն ապահովել, հասկանում են, որ իրենց գլխին սեւ ամպեր են կուտակվում, եւ իրենք կա’մ պետք է իրենց բիզնեսը փակեն, կա’մ չգիտեմ` ինչ ելք գտնեն, իսկ մենք պետք է հասկանանք, որ դրանք փոքր բիզնեսներ են, որ մարդիկ եկամուտ են վաստակում իրենց ընտանիքների համար, եւ մենք, նորից հարվածի տակ դնելով, չգնանք գործազրկության ավելացման կամ աղքատության ավելացման ճանապարհով: Այդ պատճառով` լավ կլինի, որ օրենքը ժամանակին վերանայվի, քանի դեռ ուշ չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930