Մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բարձրացած պտտահողմն իսկական պատուհաս դարձավ գյուղացիների գլխին: Մարզպետարանի կողմից փոխհատուցման չսպասելով՝ տուժածներն սկսել են տանիքի վերանորոգման աշխատանքները: «Հո այդպես չէի՞նք թողնելու», – ասացին Կոստանյանների ընտանիքում. վերջիններս արդեն 100 հազար դրամ են ծախսել թիթեղների և մասնագետի ծառայության դիմաց:
Գաբրիելյանների ընտանիքը ծանոթներից ու բարեկամներից 1 մլն դրամ տոկոսով գումար է վերցրել տանիքը հիմնովին վերանորոգելու համար: Տանտերը բողոքեց, որ բանկում իրեն վարկ չեն տրամադրում: Տանը ոչ ոք չի աշխատում, գյուղամթերքն էլ հազիվ իրենց է բավականացնում:
Խնդրի առնչությամբ խոսեցինք գյուղապետ Սամվել Եսայանի հետ: Նրա խոսքով՝ դեպքից անմիջապես հետո հաշվետվություն է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարան: Այնտեղ ասել են, որ ամեն ինչ պարզ կլինի ՀՀ կառավարության հերթական նիստից հետո:
Կարդացեք նաև
Ստույգ ժամկետներ ճշտելու նպատակով զանգահարեցինք մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներ, սակայն պատասխանատու անձանցից ոչ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Անի Անտոնյան