«Թատերական իրարանցում» խորագրով փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը և կհյուրընկալի 18 երկրից (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և այլն) ժամանած մոտ 200 մասնակցի:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երևանյան 10 բեմահարթակներում ավելի քան 50 ներկայացումներ կցուցադրվեն. «Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ»,- մանրամասնեց նա:
Փառատոնի նախագահն առանձնացրեց նաև այս տարվա նշանավոր ներկայացումներից մի քանիսը՝ «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավտների հետ» և այլն:
Երևանյան թատրոններից հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: Նաև ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱՐՄՍՖԵՍՏ» ուսանողական ծրագրում:
Փառատոնը կբացի հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Կարդացեք նաև
Ա. Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ ներկայացումների մուտքն անվճար է լինելու, միայն բացման ներկայացումը կլինի հրավիրատոմսերով:
Նշենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ա. Ղուկասյանը ցավով նշեց, որ փառատոնի ֆինանսավորումն այս տարի թեև կրճատվել է, բայց նաև վստահեցրեց, որ դրանից փառատոնի որակը չի տուժի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Առանց մուտքի տոմսի ներկայացումները գցում են թատրոնի արժեքը: Ինչ է նշանակում անվճար? Շատ սխալ է: