ՀՀԿ-ի Կապանի շրջանային կազմակերպության ղեկավար Ռոմա Սարգսյանը ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում նշել էր , որ օրերս կուսակցության Սյունիքի մարզի շրջանային 6 կազմակերպության ղեկավարները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են զուտ ներկուսակցական խնդիրներ, իսկ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակման հարց չեն քննարկել: Նրա խոսքով` քննարկման հիմքում հիմնականում կադրային քաղաքականության խնդիրն է եղել դրված, որպեսզի մարզում կադրեր նշանակելիս հաշվի առնվի նաեւ կուսակցության շրջանային կառույցների ներկայացուցիչների կարծիքը եւ սուբյեկտիվ մոտեցում չցուցաբերվի նշված հարցում:
«Սեպտեմբերի 6-ին ՀՀԿ-ի խորհրդի նիստում ես ելույթ եմ ունեցել, որի ժամանակ հարց եմ բարձրացրել, թե մարզերում իրականացվող կառավարության քաղաքականության մեջ ինչպիսի՞ դերակատարում պետք է ունենան շրջանային կազմակերպությունները: Ճիշտ է՝ նախարարները, մարզպետներն, ինչպես օրենքով է ամրագրված, ունեն կադրային քաղաքականություն իրականացնելու իրավունք, բայց միանշանակ բոլորիս համար հասկանալի է, որ Երեւանում որեւէ նախարար այդքան շատ լավ չեն ճանաչում մարզային կառույցները, որքան մենք տեղում գիտենք: Մենք խնդրեցինք նախագահին, որպեսզի հորդորի կառավարության անդամներին եւ մարզպետներին, կադրեր նշանակելիս համաձայնեցվի մեզ հետ, ընդհանուր քննարկվի տվյալ հարցը, որպեսզի սուբյեկտիվ մոտեցում չցուցաբերվի: Մոտ 1-1.5 ամսվա ընթացքում սպասվում է, որ կլինի կառավարության արտագնա խորհրդակցության նման մի հանդիպում, որը հավանական է տեղի կունենա Ագարակում եւ տեղում այդ հարցերը կքննարկվեն», -ասաց Ռոմա Սարգսյանը:
ՀՀԿ-ի Կապանի շրջանային կազմակերպության ղեկավարի փոխանցմամբ` հարցը բարձրացնելով նպատակ են ունեցել կադրային քաղաքականության հարցում օբյեկտիվություն մտցնել, քանի որ վերջերս կադրերի նշանակման հարցում սուբյեկտիվ մոտեցում են նկատել: Զրուցակիցս հիշում է, որ Անդրանիկ Մարգարյանի օրոք խնդիր էր դրված, որպեսզի առանց կուսակցության տարածքային կառույցների հետ քննարկում անելու որեւէ կադրային քաղաքականություն չիրականացնել:
«Վաղը չէ մյուս օրը կարող է մեկ այլ նախարար կամ մարզպետ նշանակվի, ամեն անգամ սուբյեկտիվ գործոնը կգործի, պետք է հասկանան, որ կադրային քաղաքականության հարցը պետք է կապել մեզ հետ: Թող մենք մեր կարծիքն ասենք տվյալ կադրի վերաբերյալ եւ մեր պատասխանատվությունը վերցնենք, այդ դեպքում այն մարդը, ով կնշանակվի որեւէ պաշտոնում` պատասխանատվություն կկրի ոչ թե մեկ անձի առաջ` այլ քաղաքական թիմի առաջ: Ի՞նչ է ստացվում, որ այս կառույցները տեղում աշխատում են, ընտրական գործընթացներին ձայներ հավաքում, այդ ձայների հաշվին ընտրվում են պատգամավորներ եւ այլն եւ հետո այս կազմակերպությունները դո՞ւրս մնան: Թող կազմակերպությունը պատասխանատվություն վերցնի եւ հետո վերահսկողական ֆունկցիա իրականացնի իր կադրերի հանդեպ»,- ավելացրեց պարոն Սարգսյանը:
Իսկ մեր այն հարցին, թե այս նախաձեռնությանը ինչպես պետք է արձագանքեն մյուս կուսակցությունները, արդյոք այս մոտեցումը ճի՞շտ կհամարեն մյուս քաղաքական կուսակցության ներկայացուցիչները, երբ կադրերի ընտրությանը հաշվի առնվի միայն ՀՀԿ-ի կարծիքը, զրուցակիցս նշեց, որ մյուս կուսակցության ներկայացուցիչները եւս իրենց կարծիքն ինչ-որ ձեւով հայտնում են: «Դա ոչ թե միայն մեր կուսակցության ներսի խնդիրն է դառնում, դա մեծ հաշվով դառնում է Կապան քաղաքի, Կապանի տարածաշրջանի խնդիրը: Օրինակ, եթե մենք ունենք դպրոցի տնօրենի 10 թեկնածու, այս 20 տարվա մեջ այդ մարդկանց հետ աշխատում ենք, գիտենք ով-ով է, եւ այդ թեկնածություններն առաջադրում ենք, բայց հանկարծ 10-ի փոխարեն նշանակվում է մի որեւէ 11-րդ թեկնածու», -ասաց Ռոմա Սարգսյանը եւ տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ առաջիկայում Սյունիքի մարզ այցելելիս տեղում մանրամասն քննարկել եւ հստակեցնել այս հարցերը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ձեզ համար տարօրինակ չէ՞,որ ՀՀԿ-ն Լիսկայի հարցը այդպես էլ «չի քննարկել/քննարկում»: ԱՄԲՈՂՋ ազգը ԿԱՏԱՂԱԾ է,որ Լիսկան բանտում չէ, բայց «նժդեհական» ՀՀԿ-ն մի հատ պա՛րզ բան չի ասում այս հարցի հետ կապված: Բա ազգին ա՛յս հարցն է հիմա հուզում: Ում՞ է հետաքրքրում ձեր ներ-ՀՀԿական ՁԱՆՁՐԱՆԱԼԻ «քննարկումները»:
Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ համար չէ: