Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ ՀՀԿ խմբակցության ներկայիս ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հաջողվո՞ւմ է ՀՀԿ-ականներին քվեարկության ժամանակ բերել դահլիճ:
Նա պատասխանեց. «Եթե որեւէ քվեարկություն էլ ընդդիմությունը կարողանա ձախողել, դա ձախողում չի, որովհետեւ նույն օրինագիծը նորից շրջանառության մեջ կդրվի: Որովհետեւ երկիրը հրատապ խնդիրներ ունի, շատ գործուղումներ ունեն, հնարավոր է քառյակն իր որոշումներով ձախողել է խորհրդարանի աշխատանքները: Ես դա ձախողում չեմ համարի: Ընդամենը ձախողում կհամարեմ իրենց տեսակետները, որովհետեւ տեսակետները լինում են կողմ կամ դեմ: Դա եւ խոսքով է արտահայտվում եւ քվեարկությամբ: Չեմ կարծում, որ որեւէ ձախողում ես կթույլատրեմ, որ ԱԺ-ում լինի, գոնե դա իմ լիազորությունների շրջանակում է»:
Մենք ճշտեցինք՝ իսկ ի՞նչ պիտի անեք, մեկ առ մեկ պիտի զանգեք բոլոր ՀՀԿ-ական պատգամավորներին, խնդրեք, որ գան քվեարկությա՞ն՝ նա պատասխանեց. «Չէ, դա հարսանիք չէ ձեր տարածքում, որ զանգես, իմանաս ով է գալիս հարսանիքին, ով չի գալիս: ՀՀԿ-ն իր ռազմավարությունն ունի եւ ցանկացած պայմաններում կարող է այդ ռազմավարությունը համապատասխանեցնել տվյալ պայմաններին: Այնպես չի, որ պատգամավորների գալով եւ չգալով է գործում ՀՀԿ-ն»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հարկ համարեց զգուշացնել ՀՀԿ-ականներին, որ «խրամատը» չլքեն՝ նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանը որեւէ բան չի զգուշացրել: Դա հիմնական մեր քննարկման առարկան է, որ քաղաքական դաշտում մեր ռազմավարությունը պետք է ուժեղացնել: Դա չի վերաբերվում քվեարկություններին, ով կգա, ով չի գա: Մեր խորհրդի նիստը դրան է նվիրված եղել: Այլ բան է, որ մարդիկ, նյութեր չունենալով՝ փորձում են խոցոտել, խրամատը դարձնել պատերազմի խրամատ: ՀՀԿ-ի համար դա շատ սովորական երեւույթ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ