Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով, և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը:
Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա: Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն, այլ` պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ:
Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ