Եռյակի հանդիպումից հետո այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ մարզային այցելություններից հետո ավելի հստակ կլինի իրենց հանրահավաքի օրակարգը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, գոնե Եռյակի ներսում պատկերացում կա՞, ասենք, ամփոփեցիք 12 կետերի արդյունքները, Սահմանադրական փոփոխությունների մասին խոսեցիք, ի մի բերեցիք մարզային այցելությունները, դրանից հետո ի՞նչ եք անելու, ի՞նչ եք պահանջելու: Նա պատասխանեց, որ հավաքվելիս այդ հարցերը քննարկում են, որովհետեւ դրանք թիվ մեկ հետաքրքրող հարցերն են. «Ունենք ընդհանուր մոտեցում, որ ընդհանուր ձեւակերպված, համաձայնեցված մոտեցումների մասին կխոսենք: Բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ կարող են ունենալ, բայց եթե միասին ենք, պետք է մտածենք միասնական օրակարգ ձեւավորելու մասին: կարծում եմ, արդյունավետ է, կարողանում ենք միմյանց հասկանալ, բացատրել: Առաջիկայում մենք կունենանք միասնական մոտեցում»:
Հարցին՝ մինչեւ հոկտեմբերի 10-ը կարո՞ղ է էլի կորուստներ ունենաք՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Շա՞տ եք ցանկանում: Կարծում եմ, մենք կորուստներ չենք ունենա եւ չենք ունեցել, որովհետեւ չէի ասի, որ մեր գործընկերները վերջնականապես փակել են դուռը: Առավել եւս առաջիկայում 12 կետերի հետ կապված միասնական նիստ կունենանք, կքննարկենք»:
Հարցին՝ ՀՅԴ-ին 5 օրվա խաթր չունեի՞ք, որ սպասեիք՝ նա պատասխանեց. «Համենայնդեպս ասեմ՝ մենք ամեն ինչ արեցինք, որ 4 քաղաքական ուժերի ձեւաչափը պահպանվի»:
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Սահմանադրական հանրաքվեն թիվ մեկ հարցը չէ ոչ իշխանականների օրակարգում: Իսկ թե ո՞րն է ամենակարեւոր հարցը՝ նա չբացահայտեց. «ժամանակը կգա, կբարձրաձայնենք: Սահմանադրական բարեփոխումներին հընթացս կանդրադառնանք, բայց ավելի կարեւոր հարցեր, շեշտադրումներ կան, որոնց կծանոթանաք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ