Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 10-ին իշխանափոխության կոչեր կհնչե՞ն. ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դեռ ճշտում են

Սեպտեմբեր 23,2014 17:15

«Բացարձակ չեմ վստահում այդ հարցումներին: Ըստ իրենց` Հայաստանի ժողովրդի խելքն, այսպես ասած, գնում է իշխանությունների համար, այնքան շատ են սիրում Սերժ Սարգսյանին, որ գլխապատառ, այդ սիրուց վառված՝ թողնում-փախչում է այս երկրից: Եվ Սերժ Սարգսյանին էլ 2013-ին այլ բան չէր մնում, քան գիշերը ընտրությունները կեղծել և մի քանի հարյուր հազար ձայն ավել նկարելով՝ ևս մեկ անգամ դե ֆակտո նախագահ դառնալ»,-Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպիսի կարծիք հայտնեց` մեր խնդրանքով անդրադառնալով օգոստոսի 8-17-ը «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից 1067 անձի շրջանում իրականացված հարցման արդյունքներին:

Հիշեցնենք, որ ըստ այդ հարցման արդյունքների` հայ հասարակության 31 տոկոսը կարծում է, որ «քառյակն արհեստական է, և մոտակա ժամանակ կփլուզվի» և 51 տոկոսի կարծիքով` «քառյակի պայքարն անարդյունավետ է. արդյունքում ոչինչ չի փոխվի»:

Մեր դիտարկմանը, թե այս արդյունքները հրապարակվել էին մինչև ՀՅԴ-ի` քառյակից դուրս գալը, ուստի հետազոտության մեջ իրականության հետ համապատասխանող արդյունքներ կան, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Իսկ իրենք հարցում արե՞լ են, թե ժողովուրդը ինչ է ցանկանում: Եվ ի՞նչ է, ժողովուրդը ցանկանում է, որ ՀՀԿ-ն ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մնա իշխանությա՞ն»:

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը հարցականի տակ է դնում, թե այս հարցումն իրականացվել է «Գելափի» կողմից ու նշում. «Առավել ևս սա «Գելափ» չէ, այդ բրենդն ինչ-որ ձևով օգտագործվել է, իսկական «Գելափը» վաղուց հայտարարություն է տարածել, որ այս Գելափներն իրենց հետ վաղուց կապ չունեն»:
Նույն հարցի կապակցությամբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Ոչ կարդացել եմ, ոչ գիտեմ դրա մասին»: Քառյակի փլուզման փաստի մասին ԲՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց. «Փլուզման հարց չկա, մեկ հարցի` Սահմանադրական բարեփոխումների շուրջ կարծիքները տարբեր են եղել, բայց հետո համագործակցությունը շարունակվելու է: Նորմալ է, որ ինչ-որ հարցի շուրջ քաղաքական ուժերը տարաձայնություններ ունենան»:

Հարցումներին վստահելու հարցի կապակցությամբ պարոն Մելքումյանը փոխանցեց. «Ես վստահում եմ նրան, որ երկրում փոփոխություններ են պետք: Եթե երկրում կա արտագաղթ, սոցիալական խնդիրներ, վիճակը փրկել է պետք, իսկ ով ասում է, որ փոփոխություններ են պետք, նրանց պետք է վստահել: Իսկ եթե այլ ուժեր են ուզում փոփոխություններ անել, թող գան անեն, բայց դրանք ոնց որ թե չեն երևում»:

Դեռ մի հակամարտությունը չհաղթահարած, ոչ իշխանական ուժերը կրկին տարաձայնություններ ունեն: Լուրեր են շրջանառվում, թե եռյակում իշխանափոխության պահանջ ներկայացնելու հետ կապված տարաձայնություններ կան: Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` հոկտեմբերի 10-ի հանրահավաքում իշխանափոխության կոչեր հնչելո՞ւ են, և արդյոք տարաձայնություններ ունե՞ն այս առումով ԲՀԿ-ի հետ: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քննարկումներն ընթանում են հանգիստ մթնոլորտում: Հասարակությունն իր մոտեցումներն ունի և կասի, թե ինչ է ցանկանում. իսկ ես կարծում եմ, որ դա իշխանափոխությունն է: Կարևորն անելն է, ոչ թե դրա մասին բարձրաձայնելը: Մարդիկ կան, որ իշխանափոխության մասին են բարձրաձայնում, բայց բաց ամեն կերպ անում են, որ իշխանությունները մնան»:

Հանրահավաքին իշխանափոխության պահանջի մեր հարցին ի պատասխան՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Կհետևեք հանրահավաքին և կտեսնեք` այդ հարցը կբարձրացվի՞, թե` ոչ»:

Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն. այսինքն` արտահերթ ընտրություննե՞ր, ԱԺ և նախագահի արտահերթ ընտրություննե՞ր: Ես ասում եմ, որ նման կոչեր առանձին մարդիկ միշտ էլ կարող են անել, բայց երբ միասնական են հանդես գալիս, արդեն հանդես են գալիս օրակարգային որոշումներով»:

Մեր հստակեցմանը, եթե ժառանգականները որոշեն, որ հոկտեմբերի 10-ին իշխանափոխության կոչերով են հանդես գալու, որը կլինի ԲՀԿ արձագանքը, պարոն Մելքումյանն արձագանքեց. «Նման խնդիր չկա, ինչ-որ օրակարգով միասնական կատարվում է, ուրեմն միասնական օրակարգով է լինում: Առանձին մարդիկ կարող են իրենց կարծիքները հայտնել, բայց մի բան է սեփական կարծիք հայտնելը, այլ բան է օրակարգային հարց բարձրացնելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930