Այսօր եռյակի հերթական հանդիպումն էր: Փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ վերջնականապես հաստատել են առաջիկայում մարզային այցելությունների ժամանակացույցը:
Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը տասը մարզային այցելություններ, հանդիպումներ են անցկացնելու: Սկզբում՝ հոկտեմբերի 25-ին Աբովյանում է նախատեսվում հանդիպում՝ ժամը 5-ին: Հետո՝ ամսի 26-ին Հրազդանում, սեպտեմբերի 28-ին՝ Սիսիանում, նույն օրը՝ Կապանում, հոկտեմբերի 3-ին՝ Արարատում՝ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, հոկտեմբերի 4-ին՝ Իջեւանում, 6-ին՝ Վանաձորում եւ հոկտեմբերի 8-ին ամփոփվելու է հանդիպումների շարքը Գյումրիի Թատերական հրապարակում:
Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ հանրահավաքի օրակարգն ընդգրկուն է լինելու. «Շատ կարեւոր են մարզային այցելությունները, որոնք կազդեն ընդհանուր օրակարգի վրա: Մենք նկատի կունենանք հասարակության պահանջները»:
Նա վստահեցրեց, որ, անշուշտ, լինելու են պահանջներ իշխանություններին. «Հարցեր կան, որոնք կճշտվեն մարզային այցելություններից հետո, դրանք շատ կարեւոր են, որովհետեւ օրակարգի հիմքում գրվելու են ժողովրդի պահանջները: Հարցեր կդնեն իշխանափոխության՝ մենք կքննարկենք»:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ եռյակի այս նիստին մասնակցում էր նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչը՝ Ավետիս Ավագյանը: Հարցին՝ նրա ներկայությունը չի՞ խոսում նրա մասին, որ լիդերների մասնակցության հարցն եք քննարկում՝ նա պատասխանեց, որ երկու հանձնախումբ են ձեւավորել՝ կազմակերպչական եւ քարոզչական, դրա համար է Ավետիս Ավագյանը եկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ