Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանեք էդ փաստաթղթավորումը»

Սեպտեմբեր 23,2014 16:46

Հոկտեմբերի 1-ից մանր բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն շրջանառության 1% հարկ, նախկինում այս շեմը` 3.5%-էր:

Թվում է թե կառավարությունն արտոնություն է տվել փոքր բիզնեսին, սակայն
այս ոլորտի ներկայացուցիչները «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից դժգոհ են, գոհ են, որ շեմն իջեցրել են, սակայն դեմ են օրենքի մեկ այլ դրույթին:

Օրենքը պահանջում է ամբողջ ապրանքը փաստաթղթավորել` հատ-հատ հաշիվ-ապրանքագիր ներկայացնել:

Այսօր «Նոյան Տապան» ակումբում «Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն ասաց, որ շրջանառության հարկի շեմն իջեցնելու մասին իրենք դեռ 15 տարի առաջ էին բարձրաձայնում, եւ այն պետք է 15 տարի առաջ իջեցվեր, որպեսզի այսօր փակ խանութներ կամ կրպակներ չլինեին:

Պարոն Ասլանյանի ներկայացմամբ` օրենքով պարտադրում են ունենալ համապատասխան փաստաթղթեր` ապրանքը վաճառելու դեպքում. «Ես հարց եմ տալիս` քանի՞ հաշվապահ պիտի աշխատի այս երկրում, ինչքան փաստաթղթեր պիտի նայի, պատկերացնո՞ւմ եք` փոքր բիզնեսն ինչպե՞ս պիտի պահի հաշվապահին, որ գործերը աջ տանի: Մարդիկ կան 40 տարի է առեւտրով են զբաղված, բայց չեն կարում հաշվապահություն անեն: Հանեք փաստաթղթավորումը»:

Հարցին, թե` առանց փաստաթղթավորմա՞ն աշխատեն, պարոն Ասլանյանն ասաց.«Հիմա թե մարդիկ ոնց կաշխատեն` փաստաթղթերով, թե` առանց դրանց, իրենք իրենց 1 %-ը վճարում են: Ի՞նչ է նշանակում փաստաթուղթ ունենալ, էս մարդիկ բոլորը դրսից ապրանք են բերում, եթե այս մարդիկ փաստաթղթավորված չեն, ուրեմն հարգելի պետություն, դու լուրջ գործընթաց ունես անելու` էս ապրանքը որտեղի՞ց է գալիս Հայաստան: Չի կարելի սենց օրենք դնել ու մարդկանց դնել պրոբլեմի առաջ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, փոքր բիզնեսի ներկայացուցիչ Կարինե Գեւորգյանն էլ ասաց, որ ցանկացած մանր բիզնեսով զբաղվողը, ըստ նոր պահանջի, պետք է մի հաշվապահ վարձի, որն իրենք ի վիճակի չեն. «100 հազար դրամ պիտի վճարենք, էդ գումարով կհոգանք մեր հոգսերը: Այսօր բոլորն էլ գիտեն` կառավարությունից սկսած մինչեւ գյուղացի, որ վաճառքը վատ է, առեւտուր չկա, հազիվ կարողանում ենք գոյատեւել: Մենք հակված ենք մտածել, որ ուզում են ոլորտը խոշորացնեն, ասենք` 1000 հոգի դուրս կգա մանր բիզնեսից, փոխարեն 5 խոշոր կնստի: Բայց այլ խնդիր էլ կա, եթե` 1000-ը դուրս գա, երկրում չեն մնա, դուրս կգան երկրից»:

Դիտարկմանը, որ այս օրենքով ու փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, կառավարությունը վստահեցնում է, որ ստվերից հանում են, ձեռներեցն ասաց. «Մենք դեմ չենք, թող հանեն, բայց ոչ մեզ անհանգստացնելով: Այսօր մանր բիզնեսով զբաղվողը մտածում է տեղի վարձը ո՞նց հավաքի, վաղը` բանկի գումարը ո՞նց վճարի»:

Մեկ այլ ձեռներեց էլ ասաց, որ ինքը Թուրքիայից, Չինաստանից ապրանք է բերում, եւ ոչ մի անգամ թուղթ չի վերցրել, բերել ու վաճառել է, հարկերը վճարել է, էլ ինչ փաստաթղթաշրջանառություն. «Ապրանքի 30 տարվա մնացորդ ունեմ, ես էդ ամբողջը հատիկ-հատիկ բերել եմ, հիմա դնեմ փաստաթղթավորե՞մ: Մաքսակետ կա` վճարում ենք, մենք չենք կարա մեր բերած ապրանքների համար փաստաթուղթ բերենք»:

Նշենք, որ այսօր կառավարության շենքի մոտ մի քանի տոնավաճառների առեւտրականները բողոքի ակցիա էին անում` նույն օրենքի դեմ բողոքով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930