Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝  ՀԱԿ-ին. «Չի կարելի ԲՀԿ-ի թեւի տակ հոխորտալ, Քառյակում վճռորոշը ԲՀԿ-ն է»

Սեպտեմբեր 23,2014 16:32

Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասում էր, որ հոկտեմբերի 10-ին սկսվող հանրահավաքները ձնագնդի նման մեծացող գործընթաց են լինելու, իշխանությունները վախեցա՞ծ են: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Լեւոն Զուրաբյանն այս պահին մանկական հրճվանք է ապրում, որովհետեւ չի կարելի ԲՀԿ-ի թեւի տակ մտածել ու հոխորտալ, որ ինչ-որ գործողություն են կատարում:

Ընդհանրապես Քառյակի գործունեության մեջ վճռորոշը ԲՀԿ-ն է, բայց երբեք ԲՀԿ-ն նման միտումներով հայտարարություններ չի անում: Ընդամենը ՀԱԿ-ը իրեն համոզել է, որ կարող է ինչ-որ մի բան փոխվի եւ փշրանքներից օգտվի նաեւ ՀԱԿ-ը: Այն էլ այն քաղաքական ուժը, որը խորհրդարանում է, ես չեմ տեսել, որ ՀԱԿ-ում գոնե երեք հոգի միասին մի որեւէ տեսակետ արտահայտեն ամբողջ 7 հոգիանոց խմբակցությունում: Այլ բան է հոխորտանքը, այլ բան է վախը, այլ բան է տրամադրությունը: Իմիջիայլոց, եւ միտինգը, եւ այդ հայտարարությունների հետեւանքը, ամբողջ պատասխանատվությունն այսօր ընկնում է նաեւ մեզ վրա: Դրա համար այդ բոլոր խառնաշփոթը վախի հետեւանք է, փորձում են ՀՀԿ-ին դնեն վախի պայմաններում: ՀՀԿ-ն դեռեւս երկար տարիներ, քանի մեր ազգային խնդիրները չեն լուծվել, միշտ էլ մեծ դերակատարում է ունենալու»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր, որ ստացվում է այնպես, որ Սերժ Սարգսյանը 131 պատգամավորներից միայն ՀՅԴ-ի 5 հոգանոց խմբակցության համար է զոռով Սահմանադրությունը փոխում: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Այնպես չի, որ ՀՀԿ-ն միայնակ է մնացել, ժողովրդի հետ է եւ երբեք միջնորդների կարիք չունի: Սա բոլոր քաղաքական տեսաբաններն են ասում, քաղաքագիտական վերլուծություններն են ասում: Վախից հոխորտալ, կարծում եմ, մեր դիրքերի թուլացում չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930