«Պատմական ժամանակահատված է հիմա և Հայաստանը պետք է իր որոշումը կայացնի: Սա նաև քաղաքական ու հումանիտար կարևոր ժամանակահատված է, երբ Հայաստանը պետք է կողմնորոշվի»,-այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում «Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով Մոսկվա- Երեւան տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Պարոն դեսպանի դիտարկումները տեսակամրջի ընթացքում վերաճեցին սպառնալիքների առ այն, որ եթե Հայաստանը ճիշտ չկողմնորոշվի, իսկ դա ասելով նա պատկերացնում էր դեպի Եվրասիական տնտեսական միություն, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ կկանգնի ոչնչացման եզրին: Նա անգամ թվարկեց հնագույն ազգեր, որոնք վաղուց վերացել են աշխարհի երեսից ու նկատեց, որ հայ ազգը գոյություն ունի բացառապես նրա, որ կարեւորագույն պահերի ճիշտ կողմնորոշում է ցուցաբերել՝ հայացք հառելով Ռուսաստանին:
«Նման փոքր պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է, ինտեգրումը ենթադրում է զարգացում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհը Հայաստանը մեծ մասամբ և ես վստահ եմ, որ գործընթացը ավարտին բարեհաջող կհասցվի»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ ՌԴ-ում ապրում է ավելի քան 2 մլն հայ, շուրջ 800 հազար աշխատանքային հայ միգրանտ կա և շատ կարևոր է, որպեսզի այդ հայերը, որոնք ապրում են ՌԴ-ում` մշտական, թե ժամանակավոր, ռուսաստանցիների հետ մեկ ուղղությամբ նայեն ու տեսնեն ընդհանուր հեռանկար:
Մոսկվայի տաղավարի հաջորդ հյուրը` քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ հայտարարեց, որ սեպտեմբերի երեքից հետո անցած մեկ տարին բավականին բարդ ժամանակահատված էր, երբ առաջ եկան թե քաղաքական, թե տեխնիկական մի շարք հարցեր: Բայց և վստահություն հայտնեց, որ հունվարի մեկին ամեն բան ավարտուն տեսք կունենա:
Կարդացեք նաև
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի (լուսանկարում) կարծիքով էլ. «Հոկտեմբերի 10-ին ինչ-որ փաստաթուղթ հնարավոր է ստորագրվի, բայց ես չէի բացառի այն, որ հնարավոր է՝ ոչ այդ օրը, ոչ էլ հունվարի մեկին համաձայնագիրն այդպես էլ ստորագրված դեռ չլինի»: Նրա կարծիքով, գործընթացում թեեւ առկա են որոշ խնդիրներ, սակայն, իր կարծիքով, դրանք այնպիսին չեն, որ ընդհանրապես խոչընդոտեն համաձայնագրի ստորագրմանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանի վրա ճնշումներ գործադրվում են եվրասիականին ինտեգրվելու հետ կապված, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել, քանի որ Հայաստանը ակտիվ քաղաքականություն իրականացնող երկիր է. «Իհարկե Հայաստանի վրա ճնշումներ գործադրվում են տարբեր կողմերից: Մենք ապրում ենք Իրանի և Վրաստանի հարևանությամբ, որոնք բավականին սպեցիֆիկ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի ու ՌԴ հետ և դրանք չեն կարող Հայաստանի վրա որոշակիորեն չազդել: Այլ բան է և կարևոր է հիշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարգախոսն է կոմպլեմենտարիզմը:
Այդուհանդերձ, հավանականությանը, որ փաստաթուղթ ՀՀ և ԵՏՄ միջև ի վերջո կստորագրվի, քաղաքագետը 50 տոկոսից ավելին է համարում, պարզապես գտնում է, որ պետք չէ կապվել ինչ-որ ժամկետների: Արձագանքելով Ալեքսանդր Իսկանդարյանի այդ հայտարարությանը՝ Մոսկվայի տաղավարում գտնվող ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, որ Հայաստանը չի կարողանա հավերժ ձգձգել իրավիճակը և հնարավոր է գա մի պահ, երբ Հայաստանին կանգնեցնեն փաստի առաջ` վերջնական քայլին դիմելու առումով. «Հայաստանն իսկապես կանգնած է պատմական փաստի առաջ և դրանից կախված է հենց նրա ապագան»,- հավելեց նա: Նաև ավելացրեց, որ Հայաստանը ճիշտ պետք է կողմնորոշվի, որպեսզի չկորցնի այն, ինչ վաստակել է դարերի ընթացքում և չկորցնի իր հայ լինելը իրականացվող քաղաքականության արդյունքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ