Այսօրվա Սահմանադրությունը չի արգելափակում, որպեսզի երկրում տնտեսական բարեփոխումներ լինեն: Տնտեսագետ Միքայել Մելքումյանը «Անալիտիկ» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս տեսակետը հայտնեց եւ հավելեց, որ բարեփոխումները իրականացվում են ոչ թե Սահմանադրության փոփոխությամբ, այլ կոնկրետ օրենքները հետեւելով եւ դրանք հարգելու միջոցով:
«Որեւէ երկրի ղեկավարություն հակված չէ, որ իր երկրում գործերը վատ գնան: Սակայն, պետք է կարողանալ իրականացնել այդ բարեփոխումները: Բարեփոխումները Սահմանադրության հետ որեւէ կապ չունեն»,- պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխության միջոցով հնարավոր կլինի երկրում հաղթահարել տնտեսական դժվարությունները, ասաց Միքայել Մելքումյանը:
Պրն Մելքումյանը կարեւորում է խորհրդարանական կառավարման ձեւը, սակայն, նրա խոսքով, այսօրվա Սահմանադրությունը եւ գործող օրենքները՝ սկսած քաղաքացիական օրենսգրքից, վերջացրած հարկային օրենսգրքով, բացարձակ թույլ են տալիս, որպեսզի տնտեսական խնդիրները լուծվեն. «Հայաստանի այսօրվա խնդիրը ոչ թե Սահմանադրության մեջ է, այլ Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ է»:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում ամեն տարի մեկ միլիարդ ու կես դոլարից ավելի ֆինանսական ներդրումներ պետք է արվեն, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել տնտեսական դժվարությունները. «Առանց պահանջարկի եւ միայն արտահանման միջոցով չի կարելի հաղթահարել տնտեսական դժվարությունները: Այնպես որ ես համամիտ չեմ Սահմանադրության միջոցով տնտեսական բարեփոխումների պետական եւ հանրային պահանջի հետ»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ