Քաղաքագետն առաջարկում է մաքսակետ դնել նաեւ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ
Ուկրաինական զարգացումների համատեքստում անդրադառնալով հոկտեմբերի 10-ին սպասվող համաժողովին, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը, այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախ ասաց, որ ինքը սպասելիք ունի. «Իմ սպասելիքն այն է, որ հիմնադիր երկրներից մեկն իր վետոյի իրավունքը կօգտագործի: Հայաստանում առավելապես խոսում են Ղազախստանի առարկությունների մասին, բայց գլխավոր առարկությունները Բելառուսի հետ էին ու ես համոզված չեմ, որ այդ բոլոր հարցերը հաղթահարվել են»:
Հիշեցնենք Բելառուսի նախագահն ասում էր, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ չէ: Քաղաքագետը համամիտ է Լուկաշենկոյի հետ`Բելառուսի տնտեսությունը տիպիկ խորհրդային է, իսկ Հայաստանինը`ազատական`իր բոլոր թերություններով հանդերձ. «Ուստի, Հայաստանի անդամակցությունն օբյեկտիվ մտավախություն է: Երկրորդ`Հայաստանի անդամակցության պարագայում ՌԴ-ն մշտապես կունենա երկու ձայն: Հայաստանի ձայնը մշտական կլինի ՌԴ-ինը, քանզի Հայաստանն ինքը մեծ պետություն չէ ու լուրջ գործոն չի կարող լինել»:
Ընդհանրապես, ԵՏՄ-ին անդամակցության գործընթացում Ստեփան Գրիգորյանի մոտ մի քանի հարցեր են առաջանում: Դիմելով այն գործիչներին, ովքեր ասում են, որ այդ անդամակցությունը մեր անվտանգությամբ է պայմանավորված, բանախոսը նկատեց. «Նախ`մենք ՌԴ-ի հետ ունենք շատ լավ ու լուրջ ռազմական համագործակցություն եւ երկկողմ եւ բազմակողմ`ռազմաբազաների գոյությունից մինչեւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ ենք: Դա անգրագիտություն է`ասել, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը կապահովի»: Aravot.am-ի դիտարկմանը, որ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտադրեց այդ ասպեկտը, քաղաքագետը հակադարձեց. «Նախագահն ավելի լայն համատեքստում էր ասում, իր ասածն աղավաղեցին, նեղացրեցին ու այլ աստառ տրվեց»:
Հաջորդ հարցը, որն անհանգստացնում է Ստեփան Գրիգորյանին այն է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրելու համար պատրաստվելիք փաստաթուղթը, որը հիմա այլ երկրներում քննարկվում է, Հայաստանում չի հրապարակվում: Գործընթացը նա նմանեցնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացի հետ: Քաղաքագետին, օրինակ, հետաքրքրում է`արդյոք ԼՂՀ հարցում մաքսակետ դրվելո՞ւ է, ինչի մասին այդքան խոսվեց: «Եթե դրվելու է, օրինակ, ես առաջարկ ունեմ, այդ դեպքում, թող մաքսակետ դրվի նաեւ ԼՂՀ-ի եւ Ադրբեջան միջեւ»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները, ինչպես նաեւ Շոտլանդիայի հանրաքվեի հետ զուգահեռները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ