«Ես լուրջ չեմ վերաբերվում»,-Aravot.am-ի հարցին` ԲՀԿ-ի քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցությունների ու հանդիպումների շարք սկսելը քաղաքական դաշտում նոր վերաձևումների առիթ կդառնա՞, այսպես պատասխանեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նշենք, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ է սկսելու, Վարդան Օսկանյանն այսպես էր մեկնաբանել «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Ծառուկյանն էությամբ այնպիսի մարդ է, որը սիրում է կիսվել: Նա իշխանությունը կիսելու խնդիր չունի և կիսելու է այն: Քառյակը դրա վառ օրինակն է: Այն, ինչ ԲՀԿ-ն անում է քառյակի հետ միասին, կարող էր անել նաև միայնակ, և դա փաստ է: Բայց մենք ուզում ենք կիսվել»:
Պետրոս Մակեյանի կարծիքով` ԲՀԿ-ն երբեք անկախ լինել չի կարող, քանի որ կախվածության մեջ է Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից: Այս առիթով նա մանրամասնեց. «ԲՀԿ-ն անում է այն, ինչ իրեն թելադրում են: Եթե ԲՀԿ-ի կողմից մեզ հանդիպման հրավեր լինի, մենք չենք գնա այդ քննարկմանը, քանի որ մենք կարող ենք քննարկման մասնակցել ուղիղ իրենց տերերի ու պատվիրատուների հետ, ոչ թե իրենց` սպասարկողների հետ»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումները, ըստ Պետրոս Մակեյանի, «բացի թատրոնից, ոչ մի լուրջ հետևանքներ ունենալ չի կարող, այն անիմաստ բան է»:
Խնդրեցինք հստակեցնել` ովքե՞ր են ԲՀԿ-ի «պատվիրատուները» , պարոն Մակեյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի պատվիրատուներ ասելով` նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»:
Պարոն Մակեյանի կարծիքով`ՀՅԴ-Ն-ն ու «Ժառանգությունն» էլ են քիչ-քիչ հայտնվում իշխանության ազդեցության տիրույթում, իսկ ՀԱԿ-ը` իրենց «նախկին գործընկերները», ԲՀԿ-ին են սպասարկում:
Պարոն Մակեյանից հետաքրքրվեցինք` շատ վերլուծաբանների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցից հետո հայտ ներկայացրեց ընդդիմադիր դաշտում խաղալու, անկախ գործելու, և ինչ-որ առումով նրա հարցազրույցը նախընտրական էր, պարոն Մակեյանն արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանը շարժվում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով: Նրա խոսքի մեջ նախընտրական քարոզչական տարրեր կային:
Բայց նորից եմ ասում, երբ մարդն, առավել ևս կուսակցությունը, ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքից զրկված է, չես կարող ասել, թե ինչ խնդիր է դնում: Առավել ևս 2014-ին, երբ մեր սահմանային բախումները, աշխարհաքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ իրավիճակներն արագ կարող են փոխվել: Եթե ազնիվ մղումներ ունեն, հիմա պիտի լուծեն այդ խնդիրները, ոչ թե 2017-2018-ին Վերջին տասնհինգ տարին ցույց է տվել, որ իշխող կլանը շատ վիրտուալ է խաղում և խաղացնում ամբողջ հասարակությանը, մտավորականությանը, քաղաքական ուժերին ու գործիչներին: Ու Գագիկ Ծառուկյանը, որ իրենց ծնունդն է, ո՞նց կարող է դուրս գալ ու ինչ-որ ինքնուրույն բաներ անել և երեք տարի հետո դնել Սերժի Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հարցը լուծել»:
Բայց մյուս կողմից Պետրոս Մակեյանը չմոռացավ շեշտել ՀՀ-ում «դրվածքի» մասին. «Նա, ով շատ փող ունի, ուրեմն մեծ բանակ ունի: Բայց այսօր իշխանություններն այդ առումով հազարապատիկ ավելին ունեն, քանի որ ունեն պետական փողերը, պետական կառույցներն են նրանց սպասարկում: Դրա համար էլ կոնկրետ որևէ կուսակցություն, նույնիսկ կուսակցությունների ողջ ծաղկեփունջը, չի կարող Հայաստանում խնդիր լուծել, եթե չլինի հիմնական գործոնը` ժողովուրդը»:
Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 10-ի` եռյակի հանրահավաքին ու համեմատության համար նշեց. «2008-ի հրապարակն ուրիշ էր. հոկտեմբերի 10-ին կարող են կաշառքով ու փողով, իրենց ավտոբուսներով այնքան մարդ բերել, ինչքան 2008-ին, բայց այն ժամանակ մարդիկ իրենք էին գալիս, իսկ դա նույնը չէ: Նրանք խնդիր լուծող մարդիկ չեն: Մարդն ինքը պիտի գա, Գագիկ Ծառուկյանն այդ հնարավորությունն ու թիմը չունի»:
Պետրոս Մակեյանը նաև անհավանական է համարում, որ 2018-ին Գագիկ Ծառուկյանն առաջադրվի. «Օլիգարխն օլիգարխի ձեռքից իշխանություն չի կարող վերցնել: Մյուս կողմից էլ 2018-ին Ծառուկյանը կառաջադրվի, թե`ոչ, իր որոշելու խնդիրը չէ: 2013-ին էլ էր նույն տրամաբանությամբ առաջադրվելու, տեսաք` ինչ եղավ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ