«Շատ օգտակար են սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալված այս իրարամերժ, հակադիր հանրային քննարկումները: Պետք է հստակություն մտցնել: Այն, ինչ հնչում է ընդդիմադիրներից, մոլորություն է առաջացնում: Ասում են՝ իշխանությունները համարում են սահմանադրական բարեփոխումները քաղաքական օրակարգի միակ հարցը: Հիմա սահմանադրական բարեփոխումները մերժում են այն ուժերը, որոնց նախընտրական ծրագրում էր դա: Սա առնվազն տարօրինակ է»,- այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց:
Հարցին՝ ՀՀԿ-ն էլ իր ծրագրում խոսք չէր գրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ի՞նչ պատահեց, որ 2 տարի հետո դրեցինք այն այսպես սեղանին: Նա պատասխանեց. «Այո, նախագահի եւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում այդ թեզն ամրագրված չէր, բայց անմիջապես 2013-ի նախագահական ընտրություններից հետո, ՀՀ նախագահը, ընդառաջելով ընդդիմությանը, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկ արեց ղեկավարել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը»: Ըստ Խոսրով Հարությունյանի, այն ուժերը, որոնք գրել էին այդ մասին իրենց ծրագրերում, կամ չէին իմաստավորում դա այնքան, կամ ասել էին՝ ասելու համար:
Նա նշեց, որ Սահմանադրությունը ինքը թուղթ է. «Թուղթը ուժ չունի: Շատ կարեւոր է թղթի հետեւում կանգնած քաղաքական կամքը»:
Նա նշեց, որ եթե ընդդիմությունը պնդում է, որ արտագաղթը կապ չունի սահմանադրական փոփոխության հետ, ուրեմն պետք է ասել, որ կարմիր գծերն էլ կապ չունեն. «Ընդդիմադիրներից մեկը պնդում է հեռուստատեսությամբ՝ թող լինի արդար ընտրություններ, ով կընտրվի, թող նա էլ իշխի: Ահա իրենց թեզը: Մինչդեռ իշխանությունը ոչ թե իշխելն է, այլ պատասխանատվություն»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրություններին՝ Խոսրով Հարությունյանն ընդունեց, որ կեղծիքներ լինում են, բայց նախորդ տարիների համեմատ, ըստ նրա, քաղաքական վերահսկողություն կա. «Բարեգործության անվան տակ մարդկանց կաշառք բաժանելուց սկսած՝ այդ ամենը լինում է: Ես դա չեմ մերժում»:
Aravot.am-ը հարցրեց՝ ո՞ր քաղաքական ուժն է բարեգործության անվան տակ մարդկանց կաշառք բաժանել, եւ եթե Դուք նման տեղեկատվություն ունեիք, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չեք ներկայացրել ոստիկանությունում: Նա պատասխանեց. «Դուք չունե՞ք նման ինֆորմացիա»:
Մեր դիտարկմանը, որ ինչ տեղեկատվություն ունեցել ենք՝ գրել ենք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ ինչ ունեցել եմ, ասել եմ: Հաղորդում չեմ ներկայացրել հանցագործության մասին, ես չեմ ասում դա կաշառք է, ես մտածում եմ՝ դա կարող էր այդպես լինել, ինչպես դուք եք ենթադրում»:
Մենք ճշտեցինք՝ Դուք բարեգործության անվան տակ կաշառքի մասին խոսելիս ենթադրո՞ւմ էիք, թե՞ հստակ ինֆորմացիա ունեիք՝ նա պատասխանեց. «Ես լավ չեմ հիշում, բայց բարեգործությամբ շատերն են զբաղվել: Դուք չե՞ք իմանում՝ ով է զբաղվել: Բավարարվեք ձեր գրածով: Ես հենվում եմ ձեր գրածի վրա, ասեմ ձեզ: Ես ուրիշ բան չեմ ասում: Ձեր գրածի վրա հենվելով՝ ես իմ կարծիքն եմ ձեւավորում»:
Նա ասաց, որ կարող է թարմացնել ոմանց հիշողությունը եւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը նկարագրեց, ըստ որի, 2000 ընտրատեղամասերից բողոքարկվել է 150 տեղամասերի արդյունքները եւ դիտորդների, բոլորի ներկայությամբ քվեաթերթիկների վերահաշվարկ են արել, ընդամենը 700 ձայն է ավելացել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին եւ 400 ձայն՝ Սերժ Սարգսյանի օգտին. «Հիմա ասում են, ներկայացնում են, թե ընտրությունների արդյունքները կոպտորեն կեղծվել են: Իրերն իրենց անուններով կոչեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ