Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանն առաջարկում է. «Տանկեր վաճառենք Ուկրաինային»

Սեպտեմբեր 23,2014 15:52

«Ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում արագ ստանալ չես կարող ու ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները շատ մեծ են, հասարակությունների միջեւ վստահություն չկա: Այլ նաեւ այն պատճառով, որ միջազգային հանրությունն`ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՌԴ-ի, չունեն ընդհանուր մոտեցում: Դա ակնհայտ է»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչպե՞ս է Արեւմուտք – ՌԴ հակամարտությունն անդրադարձել ղարաբաղյան խնդրի վրա, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Բայց, մի հարցում, քաղաքագետի համոզմամբ, բոլորը միասին են`ոչ ոք չի ցանկանում այդ կետում պատերազմի վերսկսումը. «Պատճառները տարբեր են, բայց ոչ ոք չի ուզում: Այդ իմաստով ազդեցությունը կար`նախ Սոչիի հանդիպմանը, ապա`Ուելսի: Ես կասկած չունեմ`Քերին նախագահներին ասում էր նույն բաները, ինչ Պուտինն ասաց`պատերազմ չպետք է լինի:

Այստեղ իրենց շահերը համընկնում են եւ այս իմաստով դրական ազդեցություն էր`լարվածությունը չծավալվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների»: Այդ ամենով հանդերձ, քաղաքագետը հարցի լուծման առումով նույնիսկ չնչին առաջընթաց էլ չի ակնկալում:

Նա նաեւ գտնում է, որ ՌԴ-ի ջանքերը`ղարաբաղյան գործոնն օգտագործելով Ադրբեջանին դեպի եվրասիական ինտեգրացիա բերելու, դատապարտված են, քանզի Ադրբեջանի իշխանությունը շահագրգիռ չէ այդ միությանն անդամակցելու. «Ուստի, այդ հարցում, Ադրբեջանի արժեքը մեծանում է: Ակնհայտ է, թե Ուկրաինան ուր է գնում: ՌԴ-ի համար Ադրբեջանի դերը ԵՏՄ-ում լինելու, մեծանում է ու չի բացառվում, որ ՌԴ-ն այլեւս ավելի ուշադիր լինի Ադրբեջանի նկատմամբ»:

Այս պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բյուջեն «լցնելու» խնդիր կա, Ստեփան Գրիգորյանն առաջարկում է դա անել հետեւյալ տարբերակով. «Տանկեր վաճառել Ուկրաինային: Իրենք կտան ցանկացած գումար, որը մենք կասենք»: Aravot.am-ի դիտարկմանը, որ ՌԴ-ն կխոչընդոտի, քաղաքագետը հակադարձեց. «Կներեք, բայց երբ ՌԴ-ն Ադրբեջանին է զենք վաճառում… Ես պրովոկացիա չեմ անում, բայց մենք խնդիր ունենք, գազ չունենք, եվրոպական ճգնաժամն ազդում է, տրանսֆերտների ծավալը օբյեկտիվ պատճառներով նվազում է:

Ես կառավարությանը չեմ քննադատում, իրենք մեղավոր չեն, որ ՌԴ-ն սանկցիաների տակ է ընկել եւ ձեռներեցության ակտիվությունը նվազում է: Բայց բյուջեն պետք է լցնել, բանակ պետք է պահել: Ես էլ առաջարկում եմ կառավարությանը`զենք վաճառեք Ուկրաինային: ՌԴ-ն երբ Ադրբեջանին զենք է վաճառում`ասում է`զուտ բիզնես է, հայեր ջան, մենք ձեզ հարգում ենք: Մենք էլ կարող ենք ասել`Ռուսաստան ջան, մենք ձեզ հարգում ենք, բայց ո՞նց լցնենք մեր բյուջեն: Ռուսաստանից զենք առնենք ու Ուկրաինային վաճառենք: Ամբողջ աշխարհը «կալաշնիկով» է վաճառում:

Իսլամական պետությունն ինչո՞վ է զինված. Կալաշնիկովով: Բայց իրենք նաև, այդ թվում դեմ են Ռուսաստանին: Մենք պետք է մեր ժողովրդի մասին մտածենք, ոնց որ Պուտինը մեծ գործարարներին ասում է`հայեր ջան, կներեք, իմ սիրտը ձեզ հետ է, բայց կան պետական շահեր: Մենք էլ մեր շահերն ունենանք»:

Հիշեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի այն դիտարկումը, որ ՌԴ-ի դեմ սանկցիաների պարագայում Հայաստանի գյուղմթերքների շուկայի համար հեռանկար է բացվում, քաղաքագետը կես կատակ-կես լուրջ նկատեց. «Այդ հայտարարությունից երեւում է, որ չեն գիտակցում թե ի՞նչ գումարների մասին է խոսքը: Պետք է միլիոն տոննա խաղող վաճառես, որ մեկ տանկի գումարը հանես: Մի քիչ ցինիկ եմ ասում, բայց եթե դու լցնես ռուսական շուկան, դա քայլ է ԵՄ-ի դեմ, որն առանց տոկոսների վարկեր է տալիս քեզ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930