Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության համար խորհրդարանական համակարգն է ընդունելի վերարտադրվելու համար». ՀՀԿ պատգամավոր

Սեպտեմբեր 23,2014 15:50

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ դրական ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի վրա:

«Դժվար է վերլուծել՝ ինչ ծավալով կազդեն, բայց որ կլինեն փոփոխություններ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա, կասկած չկա: Շուկա կբացվի մեզ համար, մեր գյուղատնտեսությունը զարգացման դրական միտումներ կունենա»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց պարոն Ալեքսանյանը:

Հետո նա զարմացավ ՀՀԿ-ի ընդդիմախոսների քննադատությունից, թե Հայաստանը հանկարծակի թեքվեց Ռուսաստան, դեպի Եվրասիական տնտեսական միություն. «Նման բան չկա, Հայաստանը 90-ականներից ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի հետ: Այն հարաբերությունները, որ ձեւավորվել են, պատահական չեն»:

Պատգամավորը պնդեց, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն խոչընդոտի Հայաստանին ԵՏՄ անդամակցությանը. «Գործընթացն արդեն սկսվել է, հետ կանգնենք, ինչ է թե պատժամիջոցներ են կիրառվում, ճիշտ չէ, դեռ չգիտենք, թե այդ պատժամիջոցներն ինչպես կավարտվեն: Ռուսաստանը կարող է այս ամենից նույնիսկ շահած դուրս գալ, որովհետև ունի հզոր ռեսուրսներ, կքչացնի իր կախվածությունը Արեւմուտքից, կզարգացնի տնտեսության այն ճյուղերը, որոնք թույլ էին իրենց մոտ»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, կարեւորեց սահմանադրական փոփոխությունները, ասաց՝ կուսակցության ներսում նույնիսկ չեն էլ քննարկել, թե կառավարման որ մոդելն է անհրաժեշտ. «Չեմ բացառում, որ ՀՀԿ-ից էլի մարդիկ լինեն, որ ասեն, թե խորհրդարանական համակարգը մեզ պետք չէ: Բայց եթե ուզում եք իմանալ, իշխանության համար ավելի ընդունելի է վերարտադրվելու առումով խորհրդարանական համակարգը»:

Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքին, ասաց՝ եռյակի ամեն մի ուժ ինչ-որ խնդիր է լուծում դրանով. «Գուցե հանրահավաքին բանաձեւեր ձեւակերպեն, բայց այդ ուժերը տարբեր նպատակներ, սկզբունքներ ունեցող ուժեր են: Չեմ կարծում՝ երկրի հետագա բարեփոխումների հետ կապված լուրջ բանաձեւեր լինեն, միշտ էլ ավելի սուր լոզունգներ են եղել:

Հանրահավաքում այն հզոր լիցքը չեմ տեսնում, որ իշխանափոխության հիմք լինի… Թեժ գարուն էլ է եղել, միշտ ասվել է թեժերի մասին, բայց թեժը կախված չէ տարվա եղանակներից: Դրանք լոզունգներ են, մթնոլորտ ստեղծելու լոզունգներ, ու երբ ասում են, չի լինում, ժողովուրդը հիասթափվում է, ավելի լավ է չասեն ու լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930