Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը կարելի կլիներ համարել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ցուցաբերված կրոնական անհանդուրժողականության հերթական օրինակ, եթե չլինեին մի քանի հանգամանքներ։
Պայթյունը հնչեց Հայաստանի Անկախության օրը, երբ մեր երկրի մայրաքաղաքում տեղի էր ունենում «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը, որի օրակարգի առաջնային կետերից մեկը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր։ Իսկ Սրբոց Նահատակացը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր-սրբավայր է։ Վերը բերվածը, սակայն, դեռեւս հիմք չէ եզրակացություն անելու համար, բայց թեմային առնչվող փաստերը սրանով չեն սահմանափակվում։
… Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Անկարայում մասնակցելով Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, նրան էր հանձնել Սերժ Սարգսյանի հրավերը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Երեւան, Ծիծեռնակաբերդ եւ սեփական աչքերով տեսնել, թե այդ օրը ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
Հայկական դիվանագիտությունը պնդում էր, որ Սարգսյանը դժվար վիճակում է դրել Էրդողանին, ով պետք է ինչ-որ բան պատասխանի հրավերին, որ ստացել է ՀՀ ԱԳ նախարարի ձեռքից։ Եվ ահա, հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա ամիսների հիմնական ինտրիգը պետք է լիներ Էրդողանի պատասխանը Հայաստանին։ Ոմանք կարծում էին, որ եթե Էրդողանն ընդունի հրավերը, դրանից Հայաստանը կշահի, իսկ եթե մերժի՝ Հայաստանը կրկին կշահի։
Կարդացեք նաև
Վերը նշված փաստերը մտապահելով, ուրեմն, եկեք զուգադրենք եւս երկու փաստ. Սերժ Սարգսյանը Էրդողանին հրավիրում է այցելել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր (Երեւանում), դրանից ուղիղ մեկ ամիս անց, Հայաստանի անկախության օրը, Հայաստան-Սփյուռք համաժողովի օրը պայթեցվում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը (Դեր Զորում):
Զուգահեռները, կարծում ենք, ակնհայտ են, եւ այն, ինչ տեղի է ունեցել Դեր Զորում, մեծ հավանականությամբ, Էրդողանի պատասխանն է Սերժ Սարգսյանի նամակին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում