«Տարին բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, երաշտն իր վատ գործն արեց Հացավանում…», – այսպես են բնութագրում անցնող տարին հացավանցիները: Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Հացավան գյուղն հայտնի է հիմնականում իր կարտոֆիլով, կաղամբով, տանձ ու խնձորով: Սակայն գյուղացիները դժգոհ են այս տարվա բերքից: Ասում են` երաշտի պատճառով այս տարի բերքատվությունը բարձր չի եղել, կարտոֆիլի ու կաղամբի գինն էլ համեմատաբար բարձրացել է:
«Անցած տարի 100 դրամով էին կարտոֆիլը գյուղից տանում, այս տարի դարձել է 120 դրամ մեկ կիլոգրամը, իսկ կաղամբը անցյալ տարվա 60 դրամի փոխարեն` դաշտից 80 դրամով են տանում: Գնի բարձրացումը պայմանավորված է երաշտով ու ցածր բերքատվությամբ, բացի այդ հաշվի ենք առնում նաեւ շուկայական գները: Կարտոֆիլը մանր է էս տարի, բերքատվությունն էլ բարձր չի, իսկ մեր հիմնական ապրուստի միջոցը կաղամբն ու կարտոֆիլն է», – նշեցին Հացավանի բնակիչները: Գյուղացիներն իրենց արտադրանքը հիմնականում սպառում են Կապանի եւ Ղարաբաղի շուկաներում` կա’մ բնակիչներին են վաճառում, կա’մ մանկապարտեզներին հանձնում, ինչպես նաեւ փոխանակում են հագուստի կամ այլ բանջարեղենների հետ:
«Բերքի իրացման խնդիր ունեցել ենք 2 տարի առաջ, բայց անցած տարի պարսիկները եկան գյուղից բերքը տարան իրենց մեքենայով, իսկ ընդհանուր առմամաբ գյուղացիները մեքենաները բարձում են տանում Կապանում եւ Ղարաբաղում վաճառում: Գյուղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը կարտոֆիլն ու կաղամբն է, ինչպես նաեւ կաթն ու ցորենը, դրանց վաճառքից ստացած գումաով են կարողանում ապրուստները հոգալ: Բայց այս տարի, ի տարբերություն կարտոֆիլի ու կաղամբի, ցորենի իրացման լուրջ խնդիր ունենք…», – ասաց Հացավանի գյուղապետ Շուշան Մարգարյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Հացավանում այս տարի 100 տոննա ցորեն մնացել է առանց իրացման:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ