23-ամյա երկվորյակ քույրեր Կարինեն և Լուսինեն արդեն 2 ամիս աշխատում են Հրազդանի գորգագործական արտադրամասում: Այս արհեստը պատանիների համար գեղեցիկն արարելու, իսկ շատերի դեպքում՝ ապրուստի միջոց է: Թեպետ աշխատավարձը չնչին է, սակայն բոլորը սիրով են աշխատում:
«Գորգագործությունը հիվանդություն է»,- բնորոշեց արտադրամասի պետ Իսահակ Մելքոնյանը:
Նա մանրամասնեց, որ ձեռնարկությունը դժվարությամբ է պահպանվում գորգի շուկայում տիրող ճգնաժամի պատճառով: Վերջին 4 տարիներին արտադրամասը համագործակցում է հայ-ամերիկյան մի ընկերության հետ բացառիկ պայմանագրի շրջանակներում:
Գորգագործների աշխատավարձը գործարքային է: Այն հարցին, թե արդյոք ավելի ձեռնտու չի՞ լինի անձամբ ներկայացնել արտադրանքը տեղական և միջազգային շուկաներում, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Որտե՞ղ վաճառեմ գորգերը, Վերնիսաժո՞ւմ: Տարեկան հազիվ մի գորգ կսպառվի կամ ոչ»:
Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանում, մուսուլմանական երկրների համեմատ, գորգագործությունը խթանելու պետական հոգածություն չի նկատվում:
Կարդացեք նաև
Անի Անտոնյան