«Կալիֆորնիայի ուսումնական ծրագրում, բնականաբար նաեւ դասագրքերում պարտադիր ընդգրկված են Հայոց Ցեղասպանության մասին ուսումնական նյութերը: Կարծում եմ, թե մարդու իրավունքների, հայ-ռուսական բարեկամության եւ թե մեր ընդհանուր հոգեւոր կապի տեսանկյունից շատ կարեւոր է ոճիրը դատապարտել, ու առաջին դատապարտողներց մեկը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերը, հատկապես, երբ դա բխում է նաեւ իրենց հոգեւոր շահերից»,- այսօր խորհրդարանում` Հայաստան-Ռուսաստան բարեկամական ակումբում նման դիտարկում հարց բարձրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` դիմելով ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Ի պատասխան, ռուսաստանցի պաշտոնյան ասաց, որ ինքն ունի մեծ երեխաներ եւ փոքր թոռներ, հետեւաբար, վերջին շրջանի պատմության դասագրքերը չի ընթերցել ու այդ պատճառով չի կարող հստակ պատասխան տալ հարցին: Բայց, միաժամանակ, փաստեց, որ ռուս հասարակությունը Հայոց Ցեղասպանության մասին գիտելիքներ ունի: Նաեւ նկատեց, որ ՌԴ-ում այժմ առաջին համաշխարհայինին վերաբերվող տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, ու այդ թեման անպայման քննարկումների առիթ է դառնում, մանավանդ, որ շատ թուրք պատմաբաններ պնդում են, որ դա ոչ թե հայերի դեմ իրականացված ցեղասպանություն էր, այլ վրեժ այն բանի համար, որ հայերը Ռուսաստանի կողքին կանգնեցին:
Միխայիլ Շվիդկոյը նաեւ հավելեց, որ 2015-ին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ռուսական հասարակությունն այդ թեման առավել շատ կքննարկի:
Պատգամավորի դիտարկմանն էլ, որ շատ էական է պետական միջոցառումների ծրագրի գոյությունը, Միխայիլ Շվիդկոյը հակադարձեց, որ Հայոց Ցեղասպանության թեման բարձրացրել են խորհրդային եւ ռուս պատմաբանները, դեռ այն տարիներից բոլոր թանգարաններում տարբեր նյութեր կային, ապրիլի 24-ի միջոցառումներն ամեն տարի արտացոլվում են լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ պետական եւ այլն:
Կարդացեք նաև
Ռուզաննա Մուրադյանը ռուսաստանցի հյուրին տեղեկացրեց նաեւ, որ տարբեր ադրբեջանական կայքեր զբաղված են հակահայկական քարոզչությամբ, դա դպրոցական ծրագրերում էլ է ներառված, եւ առհասարակ Ադրբեջանի պետական քաղաքականության մի մաս է կազմում ու նկատեց, որ իբրեւ մշակույթի կարկառուն ներկայացուցիչ կարեւորում է պարոն Շվիդկոյի տեսակետն այս հարցին:
Հարցը Միխայիլ Շվիդկոյին նեղ դրության մեջ դրեց: Նա նախ ընդհանրական դիտարկումներ արեց, ապա ասաց, որ հայկական կողմն էլ այդքան բարեհամբույր չէ ադրբեջանական կողմի նկատմամբ եւ հակաադրբեջանական քարոզչություն է վարում, ինչը աղ է լցնում ողբերգության վրա:
Այս դիտարկումը դուր չեկավ հանդիպմանը ներկա պատգամավորներին: Ակումբի համանախագահ Հերմինե Նաղդալյանն, որը մինչ այդ բարձր էր գնահատել պարոն Շվիդկոյի հատկապես վերջին տարիների մեծ ներդրումը` հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու գործում, նկատեց, որ Հայաստանը որեւէ մակարդակում, առավել եւս պետական, հակաադրբեջանական քարոզչություն չի վարում`ի հեճուկս Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականության. «Պարոն Քոքեբելյանը ճիշտ է նկատում` խնդիրն այն է, թե ինչ խաղի կանոններ, նպատակներ է սահմանում պետությունը: Հայկական պետությունը նման նպատակներ չի դնում»:
«Ինձ համար բարդ է այդ հարցին պատասխանել»,- ասաց պարոն Շվիդկոյը նկատելով, որ ինքը տարբեր այցելություններ եւ հանդիպումներ է ունենում երկու երկրներում էլ, ամենաբարձր մակարդակներով, ու իր խնդիրն ու նպատակը փոխվստահության ստեղծումն է. «Ես Ադրբեջանի ղեկավարության դատավորը չեմ: Դա վատ է: Պատերազմները սկսվում են գլուխներում, սրտերում, հետո միայն զենքերն են կրակում»:
«Բայց դատապարտել կարելի է»,- միջամտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Ձեզ կարելի է, ինձ` ոչ»,- արձագանքեց Միխայիլ Շվիդկոյը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ