Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգներ, ակցիաներ ու երթեր՝ հանուն ընտանիքի և ավանդական հոգևոր արժեքների պաշտպանության 

Սեպտեմբեր 22,2014 21:04


Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, Երևանի կենտրոնական մանկական այգում (նախկին Կիրովի անվան այգի) «Սեր և ընտանիք» խորագրով համերգ տեղի կունենա՝ նվիրված ընտանիքին և ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությանը, որին կհաջորդի խաղաղ երթ: 
«Հայաստանում առաջին անգամ է այսպիսի միջոցառում կազմակերպվում»,- ասում է Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը՝ վստահեցնելով, որ բավականին հետաքրքիր և գեղեցիկ համերգ է լինելու: 
Ա. Բոշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երիտասարդական մի շարք կազմակերպությունների հետ որոշել են ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ անգամ ակցիաներ, համերգներ ու երթեր անցկացնել՝ հանուն ընտանիքի և ավանդական հոգևոր արժեքների պաշտպանության:

«1991 թվականի սեպտեմբերի 23-ին Վազգեն Առաջինն օրհնեց մեր ժողովրդի՝ ինքնիշխանություն ձեռք բերելու ընտրությունը: Ինքնիշխանության թիվ մեկ սյունը հայ ընտանիքն է, իսկ առավել կարևորը բազմազավակ ընտանիքներն են»,- ասում է Ա. Բոշյանը՝ նկատելով, որ բազմազավակ ընտանիքներն այսօր Հայաստանում ամենախոցելի խավն են. «Ընդամենը 15 000 բազմազավակ (այսինքն՝ 4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքներ կան, և մենք, աջակցելով մեր ընտանիքին, եկեղեցուն, մշակույթին, վաղվանից սկսում ենք միջոցառումների շարք, որը նվիրված կլինի ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությանը, և որին կմասնակցեն հայտնի երգիչներ: Կլինի նաև երթ, որը կավարտվի մոմավառությամբ և օրհնության արարողությամբ Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում»,- տեղեկացրեց բանախոսը՝ հավելելով, որ այս միջոցառումների գլխավոր նպատակը մարդկանց դրական լիցքեր պարգևելն է, երիտասարդությանն այդ ամենին մասնակից դարձնելը և, ինչու չէ, նաև իրական խնդիրների բարձրացումը:

«Կարծում եմ՝ կան մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են մեր իրական և ոչ թե հռչակագրային ինքնիշխանությամբ: Իրական ինքնիշխանությունը հնարավոր չէ առանց ընտանիքի ինստիտուտի պաշտպանության, առանց բազմազավակ ընտանիքների աջակցության, առանց օրենքների նախագծերի, որոնք հստակ ձևակերպում են այն համակարգը, որն աջակցելու է բազմազավակ ընտանիքներին և, ընդհանրապես, ընտանիքի ինստիտուտին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործում են 3000-ից ավելի կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ոչ թե Հայաստանի, այլ դրսի կողմից և հիմնականում կատարում են հակահայկական, հայկական մշակույթին դեմ և հակաընտանեկան քարոզչություն»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ինչ-որ տեղ նաև այս հանգամանքն է ստիպել, որ մի շարք երիտասարդական կազմակերպություններ որոշեն պարբերաբար կազմակերպել դրական լիցքերով, մեր ընտանիքին և մշակույթին նվիրված միջոցառումներ: 
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930