Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակ» օրաթերթի եւ Ilur.am-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի այսօր մերժվեց

Սեպտեմբեր 22,2014 20:37

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը եւ ilur.am կայքը հրապարակել էին տեղեկություն, որ իրենց հավաստի աղբյուրները հայտնում են, թե  այս տարվա մայիսի 7-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն անսթափ վիճակում զենքով սպառնացել է Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյան եղբայրներին եւ ատրճանակի կոթով հարվածել է Ռաֆայել Ալեքսանյանին: Հրապարակումները մեծ աղմուկ էին առաջացրել, ոստիկանությունը հերքել էր տեղեկատվությունը:

Դատախազության պահանջով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել պարտավորեցնել iLur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Լրատվամիջոցների վերաքննիչ բողոքն էլ, ինչպես արդեն նշվեց, այսօր մերժվել է դատարանում: 

«Մի փոքրիկ հույս ունեինք, որ այս բողոքի քննության ընթացքում իրավական համակարգը կկարողանա իր մեջ ուժ գտնել եւ վերանայել առաջին ատյանի սխալ որոշումը: Երբ բողոք ներկայացրեցինք եւ մի քիչ հասարակական հնչեղություն ստացավ այս հարցը, մտածում էինք, որ իրենք կքննարկեին իրավական հիմքերը եւ կհասկանային, որ չի կարելի լրատվամիջոցների նկատմամբ նման որոշում կայացնել, բայց պարզվեց՝ մենք սխալվել էինք, մենք ավելի լավ կարծիքի էինք իրենց մասին, քան իրենք կային իրականում: Իրենք ինչ  որոշում որ կայացրել էին, փաստորեն բարձր ատյաններում նախօրոք քննարկված, համաձայնեցված որոշում է եղել, եւ նրանք հետ չկանգնեցին,- Վերաքննիչի մերժման մասին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Aravot.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց՝ ավելացնելով,- Դա լրատվամիջոցներին ընդամենը  մատ թափ տալու մի ձեւ է, որ հասկացնեն, որ մենք կարող ենք ավելի հեռուն գնացող քայլերի գնալ, այնպես անել, որ ե՛ւ հասարակությունը սկսի վախենալ «ստվերային», չհրապարակվող ինչ-որ տեղեկատվություն տալուց, ե՛ւ դուք  սկսեք վախենալ, որ այդպիսի տեղեկատվություն չհրապարակեք»: 

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարծում է, այնուամենայնիվ, իրավական համակարգում ճիշտ հաշվարկներ չեն արել. «Այս տարիների ընթացքում այնքան ճնշումներ ենք տեսել, որ այս մեկն էլ կհաղթահարենք: Բան չի փոխվելու մեր գործունեության մեջ: Պարզապես մեր հավատը մի փոքր նվազեց այդ դատական համակարգի նկատմամբ: Բողոքարկելու ենք, ճիշտ ճանապարհից հետ չենք կանգնելու, վճռաբեկ ենք դիմելու: Չեմ ուզում հեռուն գնացող բաներ ասել, թե վճռաբեկից հետո ինչ կանենք, թե վճռաբեկն իրենց ոնց կպահի: Դեռ հնարավորություն կա, որ կհասկանան ու ինչ-որ տեղ նաեւ կփորձեն շտկել իրենց սխալը»,- ասում է նա: 

 Այս գործով  ilur.am կայքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որոշումը տեսնելուց հետո առավել մանրամասն կհայտնեն իրենց դիրքորոշման մասին, իսկ բողոքի մերժման մասին ասաց. «Անգամ չենք էլ կարողանում ենթադրել, թե որոշման հիմքում ինչ փաստական հանգամանքներ դատարանը  կարող է դնել, որովհետեւ, ըստ էության, ե՛ւ դատավարական, ե՛ւ քննչական նորմերի առումով բացակայում է որեւէ հիմք, որ կարող է  այդ որոշումը հիմնավորել»: 

Արմեն Խաչատրյանը նույնպես համոզված է, որ այսպես փորձ է արվում ճնշում գործադրել լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ, որպեսզի հետագայում լրագրողի մոտ վախ առաջանա կարեւոր տեղեկատվությունը հրապարակելուց առաջ:

Անդրադառնալով դատարանի որոշմանն՝ ասում է. «Ավելի ակնհայտ ծիծաղելի, չեմ ասում անարդար, որոշում չէր կարող լինել: Սա ոչ միայն նախադեպ էր լրատվամիջոցի աղբյուր բացահայտելու, սա նաեւ նախադեպ էր դատարանի անօգնական, ծիծաղելի լինելու, ինչպես նաեւ դատատախազության ներկայացուցչի անհեթեթ ծիծաղելի վիճակի մեջ հայտնվելու,- ասում է նա եւ ավելացնում, որ որոշումը «մահակով պատվիրված էր». «Պատվիրատուի կողմից արված կոնկրետ հանձնարարություն էր: Եթե որոշ դեպքերում, որեւէ ողջամիտ բան կարելի է գրել այս պարագայում, ապա անգամ կարելի է խղճալ այն դատարանին, որ  պետք է այդ որոշումը գրեր»: 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930