«Այնտեղ գրված են իմ խոսքերը, այդ խոսքերից երևո՞ւմ է, թե ես Ռուբեն Հակոբյանին բան եմ ասում»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով խորհրդաժողովի ելույթների տպավորության տակ իր արած դիտարկումներից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին արձագանքին, այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դուրս էր եկել սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովից, երբ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր 3 կետից կազմված իրենց պայմանները, եւ ասել, որ տրամադրությունն ընկել է: «Առավոտի» թղթակիցը հետաքրքրվել էր՝ դավաճանությո՞ւն եք համարում Ռուբեն Հակոբյանի այդ պայմանները, անակնկա՞լ էր սա ձեզ համար, եւ նա պատասխանել էր. «Հերթական անգամ ես տեսա, որ մեղկ ու կրակ է ազգս, քան որոշում կայացնողները»: Հարցին՝ գործարքի կասկածնե՞ր ունեք՝ նա պատասխանել էր. «Գործիչ կա, իշխանությունը վերարտադրում է, այդքան բան: Մենակ դա է նշանակում, ուրիշ ոչինչ»:
Ռուբեն Հակոբյանն էլ արձագանքել էր, թե «Ինչքան գիտեմ, Վարդան Բոստանջյանը բավականին գրագետ, նույնիսկ լուրջ գիտական կոչումներ ունեցող մարդ է: Խորհուրդ կտամ մեկ անգամ եւս ուշադիր ընթերցի կամ դիտի ելույթիս տեսագրությունը: Կարծում եմ, նա չի ընկալել ելույթիս բուն էությունը, որովհետեւ նույնիսկ կիսագրագետին էլ հասկանալի կլինի խոսքիս քաղաքական բուն շեշտադրումները: Եթե, իհարկե, Վարդան Բոստանջյանն իր գնահատականներով այլ նպատակ չի հետապնդում»:
Պարոն Բոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, թե «զարմացած է այս պատասխանից» ու շարունակեց. «Մենք բոլորս գրագետ մարդիկ ենք: Ինձ շատ բարձր եմ համարում ես պատասխան չեմ տա, բայց այնտեղ իբր թե ձեռ է առնում, թե գրագետ մարդ է, կիսագրագետն էլ կհասկանա…ես քո հետ խոսացել եմ, ես քո մասին խոսացել ե՞մ, ընկեր ջան: Ես իրավունք ունեմ, չէ՞, թե ճիշտ կամ սխալ հիասթափվել, ինչը արել եմ»:
Կարդացեք նաև
Վարդան Բոստանջյանը հստակեցրեց, թե ինքն ընդհանուր առմամբ հիասթափված է, ինչն էլ արտահայտել է իր խոսքում ու ևս մեկ անգամ շեշտեց. «Ես հիասթափված եմ այն մարդուց, որը կարող է պատիվը մի կողմ շպրտել: Ես ավելի լայն դաշտի համար եմ ասել: Եվ այդ մարդը ինքը շատ լավ գիտի՝ ով է այդպիսին: Դրանք այն մարդիկ են, ովքեր հանուն իրենց փոքր շահերի ի զորու են ամեն սրբություն ոտնատակ տալ: Այդ երևույթների վրա եմ մտահոգ եղել, և դրա համար է տրամադրությունս ընկնում: Բայց երբևէ այդ պարագայում չեմ մտածել, որ որևէ մեկը ուզենա նեղվել: Իմ բարձրությունից ելնելով՝ ինձ թույլ չեմ տա այդ ուղղությամբ երկու բառ ասել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ