Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Առաջին կաթողիկոսի հայտարարությունը կա՞յծ է

Սեպտեմբեր 22,2014 19:49

Babayan«Հոգևորականի հայտարարությունը նշան է, բոցավառություն ենթադրող կայծ, որ Հայաստան պետությունը դատական պրոցես սկսի Թուրքիայի դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց գրականագետ Արտեմ Հարությունյանը (լուսանկարում ձախից)՝ անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու վերաբերյալ հայտարարությանը:
Գրականագետն իր տեսակետն այսպես հիմնավորեց. «Սփյուռքի ցաքուցրիվ միությունները, ազգային կառույցները շատ թույլ են: Դրանք միայն լեզվակռիվ տվող են, չունեն այն ամուր հիմքերը, որոնք ունի մեր պետությունը: Եվ նշան են տալիս, գուցեև պայմանավորված են մեր նախագահի հետ, թե մենք առաջարկում ենք, իսկ դուք այստեղ պետականացրեք և դարձրեք ամբողջական հարված դատական ընթացքի համար: Պերճախոս են նրանց ճիչերը, որովհետև իրենց պապը, տատը, քույրերը գնացել են անապատներում փոշիացել են, բայց հիմա մեր կենտրոնը Հայաստանն է, ու հենց նա պետք է ձեռնամուխ լինի այդ գործընթացին, և ինչքան շուտ սկսվի գործընթացը, այնքան լավ, որովհետև ահավոր ուշացրել ենք»:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն (լուսանկարում՝ աջից) էլ է կարծում, որ հարցի իրավական լուծումն առավել հիմնավոր է, բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան. «Իրավական հարթության մեջ դու պետք է պատրաստ լինես ներկայացնել քո բոլոր հիմնավորումները, պետք է պատրաստ լինես գործել իրավական դաշտի համար աշխարհում ընդունված ընդհանուր խաղի կանոններով, պետք է պատրաստ լինես ընդունել այն որոշումը, որը կկայացնի վերին ատյանի դատարանը: Սա շատ կարևոր է»,- ընդգծեց պարոն Բաբայանը՝ նկատելով, որ այստեղ մենք շատ ենք թերացել. «Իրավական առումով մենք այնքան էլ պատրաստ չենք: Գիտական, իրավաբանական հսկայական աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որովհետև անպաշտպան, դատարկ ձեռքերով դատարան չեն մտնում»,- ասաց Ռ. Բաբայանը:
Արդյո՞ք սա ուշացած քայլ չէ:
«Լավ է ուշ, քան երբեք,- պատասխանեց պարոն Բաբայանը՝ ուշադրություն հրավիրելով մի հանգամանքի վրա ևս. «Եկեք չմոռանանք նաև, որ եթե, ասենք, 20-30 տարի առաջ նման հայցով դիմեինք Թուրքիայի ՍԴ, անկասկած, որևէ արձագանք չէինք ստանա, իսկ հիմա եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի այդ հայցը, ապա կարելի կլինի դիմել Եվրոպական դատարան, որն առաջ չկար: Այնպես որ, սա ուշացած քայլ չէ, և որևէ մեկը լավ քայլ անելիս չպիտի մտածի, որ ուշացել է: Քայլը ճիշտ է, իսկ ինչ վերաբերում է նրան, թե մենք որքանով ենք պատրաստ հաջորդ քայլին, ես չեմ կարծում, որ Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունը նշանակում է՝ հենց վաղը պիտի դիմենք: Յուրաքանչյուր դատական պրոցես մտնելուց առաջ պետք է լավ նախապատրաստվել, և ես ուզում եմ, որ մենք իրավական դաշտ մտնենք ամբողջովին պատրաստ: Իսկ որ մենք այսօր պատրաստ չենք, դա չի նշանակում, որ վաղն էլ պատրաստ չենք լինի»,- ասաց պարոն Բաբայանը՝ մատնանշելով նաև մի երևույթ, որը, նրա կարծիքով, կարող է լուրջ խոչընդոտ լինել հաջողության հասնելու համար. «Եթե մենք շարունակենք մեղադրել թուրք ժողովրդին՝ ասելով, որ միշտ էլ մարդասպան ազգ է եղել, ավելի լավ է միջազգային որևէ դատարան չմտնենք, որովհետև այդ դեպքում մենք պարտված ենք ի սկզբանե,- համոզված է նա,- իրավական դաշտում մենք երբևէ հաջողության չենք հասնի, եթե մեղադրենք թուրք ժողովրդին և ոչ թե Օսմանյան կայսրությանը: Ժողովուրդը երբեք մեղավոր չի լինում, մեղավոր կարող է լինել պետությունը»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930