Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ilur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը համարում է ոստիկանության եւ դատախազության անգործությունը կոծկելու քայլ:
Հիշեցնենք, որ նշված լրատվամիջոցները վերաքննիչ բողոքով պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը` հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:
«Ոստիկանությունն ու դատախազությունը փորձում են իրենց անգործությունը ծածկել լրատվամիջոցների տեղեկություն չտրամադրելու հիմքով, ասում են` ի՞նչ անենք, որ տեղեկություն չեն տալիս, չենք էլ կարողանում բացահայտել: Հնարավոր է` մտքներին կա ոստիկաններին հրահրել զրպարտության հիմքերով լրատվամիջոցների դեմ դուրս գալ: Այսինքն, ստեղծում են հիմքեր, թե լրատվամիջոցները չօգնեցին իրավապահներին գործը բացահայտել, որովհետեւ լրատվամիջոցներն իրենց փաստահավաք խումբն ունեն, բավական է, որ ուսումնասիրեն Արթուր Ալեքսանյանի ու ոստիկանապետի հեռախոսազանգերը, թե քանի հոգու միջոցով է փորձել կապվել Շիրակի ոստիկանապետը Արթուրի հետ, հարցերը կարգավորել միջադեպից հետո, այդքանը բավարար կլիներ բացահայտել գործը: Բայց մարդիկ ուզում են`չբացահայտելու մեղքը ներկայացնել լրատվամիջոցների չկամեցողությամբ»,- ասաց պարոն Բարսեղյանը:
Նրա կարծիքով՝ անհնար է լրատվամիջոցներին պարտադրել աղբյուրներին բացահայտել. «Լրատվամիջոցները երեխա չեն, որ ձեւական դատական գործերով սկսեն բացահայտել իրենց աղբյուրները: Մինչեւ իշխանությունը չփոխվի, սրանց ոստիկանությունն ու դատախազությունը չեն հասկանա, որ լրատվամիջոցներին պարտադրել աղբյուր բացահայտելը եղանակ չէ, եւ այդ գործի բացահայտման համար բոլորովին կարիք չկա աղբյուրը բացահայտելու պահանջ դնել: Եթե մեր խորհուրդները կլսեն, գնանք իրենց կողքին նստենք, քայլ առ քայլ ասենք` ինչ անեն, անմիջապես գործը կբացվի, եթե չեն կարողանում գործ բացահայտել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ