Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Լեւոն Զուրաբյանը չէ, որ պիտի որոշի»

Սեպտեմբեր 22,2014 18:00

Aravot.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ սահմանադրական փոփոխությունների մասին ներկայացրած 3 կետերի մասին:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ կետերն իրենք քննարկել են. «Դա մեր առաջարկն է նույնիսկ: Մեր առաջարկը հետեւյալն է, որ ոչ թե ամեն մի բովանդակությանն ենք կողմ, այլ փաթեթով քննարկվող հատվածին: Փաթեթը երկու մասից է բաղկացած՝ Սահմանադրական փոփոխություններն են եւ երաշխիքների համակարգը: Պարոն Հակոբյանը խոսում էր երաշխիքների մասին, շատ բարի: Մենք էլ դա ենք հենց ասում»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, Եռյակի ուժերի պատճառաբանությունը, թե հիմա ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների համար՝ ընդհանրապես որեւէ քննադատության չի դիմանում. «Եթե, օրինակ, 2013-ին ժամանակն էր, հիմա ինչո՞ւ ժամանակը չի, ես չեմ հասկանում: Օր առաջ փոխելը անհրաժեշտություն է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց, որ 131 պատգամավորներից 5 հոգու՝ միայն Դաշնակցության համար զոռով Սահմանադրություն են փոխում, իսկ դա հիմք չի կարող լինել:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, չէ՞, որ պարոն Զուրաբյանի ասածը որեւէ ձեւով չպետք է վերագրել քաղաքական ուժին: Դաշնակցության պահանջը 91-ից սկսած՝ եղել է խորհրդարանական կառավարման համակարգը, եւ Լեւոն Զուրաբյանը չէ, որ պիտի որոշի: Այս պառլամենտում 5 հոգանոց ֆրակցիայի պահանջը նույնն է, թե 16 հոգանոց ֆրակցիայի պահանջը՝ մի քանի տարի առաջ: Մեր համար կայունությունն է գլխավոր խնդիրը: Կայունությունը պետք է հիմնված լինի գաղափարական համոզմունքի վրա:

Իրականության մեջ գաղափարական վեճը խորհրդարանական թե նախագահական՝ եղել է, կա եւ լինելու է: Երկու հիմնական ուժեր կան, որ այդ գաղափարական վեճը տանում են՝ ՀՀՇ-ն, վերափոխվող ՀԱԿ անվանմամբ, այդ ուժն է, որ 90-ականներից սկսած՝ կառավարման խորհրդարանական համակարգը մերժել է, ժխտել է եւ մենք, որ համոզված կողմնակիցն ենք եղել այդ համակարգի: Մենք հիմա էլ ենք համոզված պնդում, որ կառավարման խորհրդարանական համակարգը կձեւավորի այն անհրաժեշտ միջավայրը, որը կապահովի երկրի զարգացումը: Իսկ կիսանախագահական համակարգն արդեն 20 տարի է՝ ցույց է տվել իր ապաշնորհությամբ»:

Մեր հարցին՝ չե՞ք նպաստում իշխանության վերարտադրմանը՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք դրա համար ենք ասում, որ փաթեթ դնենք սեղանին, այդ հարցն էլ պետք է քննարկենք, թե ինչպես բացառել: Իսկ հակառակ դեպքում, մերժելով սահմանադրական փոփոխությունը, իդեալական հնարավորություն է տրվում ներկա իշխանությանը վերարտադրվելու: Ես դա երաշխավորում եմ, որովհետեւ ոչինչ չփոխելով՝ այսօրվա իշխանությունը նորից վերարտադրվելու է:

Գուցե հենց դա է իշխանության ուզածը, որ մերժեն, որպեսզի հանգիստ վերարտադրվի: Ես էլ այս մեղադրանքը կարող եմ ներկայացնել: Մինչդեռ կյանքն էլ է ցույց տալիս, որ միայն ակտիվ պայքարն է, որ կարող է բերել փոփոխության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930