Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Շվիդկոյ. «Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին»

Սեպտեմբեր 22,2014 17:57

«Պետք չեն լինի միգրացիոն բոլոր բարդ գործողությունները, քանզի մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, աշխատել, մեկնել այդ երկրից կամ մնալ: Դա ամենակարեւոր պահն է»,- այսօր խորհրդարանում` Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական ակումբում խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի, ձեռքբերումների մասին, ասաց ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Հանդիպման քննարկման թեման էր` «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»: Բանախոսի կարծիքով, շուկան եւ տնտեսական հարաբերությունները ամենակարեւորը չեն. «Մենք հայ ազգին ճանաչում ենք իբրեւ հզոր, մեծ ազգի, ինչպես հայերը` ռուսներին»:

Պարոն Շվիդկոյը խոսեց ռուսերեն լեզվով ու առանց թարգմանության: Ավելի ուշ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ հանդուրժեց հյուրի խոսքը հայերենով չթարգմանելը միայն ժամանակի սղության պատճառով ու նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, այդ թվում նաեւ մշակութային, խոչընդոտ են հանդիսանում ռուսական քաղաքական եւ մշակութային որոշակի շրջանակների կողմից վերջին շրջանում հնչող որոշ հայտարարություններ, որոնք ոչ արդարացի են եւ ոչ հավասարակշռված: Պատգամավորը նկատի ուներ Դմիտրի Կիսիլյովի հայտարարությունները, մասնավորաբար այս ակումբում, որոնցում հստակ ընդգծվում էր վասալային հարաբերությունների գործոնը:

Պատգամավորն առաջարկեց նաեւ, որ ակումբի քննարկման թեմա դառնա, ասենք Ադրբեջանի կողմից ՌԴ-ին զենքի վաճառքը: Նրա կարծիքով, լավ կլիներ անգամ, որ ակումբը նույնիսկ քննադատեր այդ իրողությունը. «Չեմ կարծում, որ դա կբերեր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, ավելին դա կլիներ հավաստիացում, որ ակումբը մտահոգ է բարեկամական հարաբերությունների պահպանմամբ: Ի դեպ, իր զենքի 80 տոկոսն Ադրբեջանը ձեռք է բերել ՌԴ-ից: Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն հավասար սկզբունքների վրա, շատ կարեւոր եւ անհրաժեշտ է այդ հարաբերությունների զարգացումը, բացարձակ միտում չունեմ այդ հարաբերությունները խաթարվեն»:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց նաեւ, որ լավ կլիներ, որ ակումբն անդրադառնար Լեւոն Հայրապետյանի առողջական խնդիրների հետ կապված հարցերին, նույնիսկ որոշակի միջնորդություններ աներ. «Քանզի չեմ կարծում կա մեկն, ով չգիտե, որ Լեւոն Հայրապետյանը վերջին 25 տարիներին մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Մենք պետք է ջանանք բացառել այն անթույլատրելին, որ լինում է հայ-ռուսական հարաբերություններում»:

Խաչատուր Քոքոբելյանը նաեւ առաջարկեց, որ ակումբը քննարկի ՀՀ քաղաքացիների`ՌԴ-ում գրանցման հարցերը` առաջարկելով. «Կարծում եմ, որ լավ կլիներ, որ այդ խոչընդոտը վերանար, ինչպես նաեւ ազատվեին կրկնակի հարկումից»:

«Մեծ եղբայր, փոքր եղբայր» դիտարկում եւ որակումների առիթով պարոն Շվիդկոյը նկատեց, որ դրանք շատ հարաբերական որակումներ են եւ նկատի ունենալով մի շարք իրողություններ` դեռ հարց է, թե ո՞վ է մեծը, ո՞վ` փոքրը: «Պառլամենտական ակումբի գործերին չեմ ցանկանում խառնվել: Դրանք ինձ ուղղված հարցեր չեն, ես զբաղվում եմ հումանիտար հարցերով, բայց հակընդդեմ հարց տամ`Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին: Դա ոչ պակաս վտանգավոր կլիներ Հայաստանի համար: Հայկական բանակն այսօր բավական մարտունակ է շնորհիվ նաեւ հայ-ռուսական ռազմական ու ռազմավարական համագործակցության»,- հավելեց հյուրը:

Լեւոն Հայրապետյանի հարցի առիթով էլ ասաց որ AFK սիստեմա ընկերության նախագահ Վլադիմիր Եվտուշենկովն էլ պակաս գործ չի արել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, բայց. «Մնացյալ հարցերը հետաքննող կոմիտեին են ուղղված: Այնպես որ, դա ազգային կամ ազգության հարց չէ, բաշկիրական նավթին վերաբերվող հարց է: Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ չկան»:

Խաչատուր Քոքոբելյանը հիշեցրեց, որ Լեւոն Հայրապետյանի հարցն իբրեւ հայի չբարձրացրեց, այլ զուտ մարդասիրական տեսանկյունից ու հավելեց. «Ես չեմ ուզում, որ Ադրբեջանն ընդհանրապես զենք գնի: Բայց կա 1997 թվականին կնքված հայ-ռուսական պայմանագիրը, որի երրորդ հոդվածի, առաջին կետով հստակ նշված է, որ կողմերն իրենց հասանելի միջոցներով պետք է ձգտեն խաղաղության պահպանմանը: Ես չեմ կարծում, որ զենքի վաճառքով նպաստում ենք խաղաղության պահպանմանը»:

Պարոն Շվիդկոյը հակադարձեց, որ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ պատերազմ չէր լինում, որովհետեւ ԽՍՀՄ-ը միջուկային զենք ուներ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ միջամտելով առաջարկեց`Հայաստանին միջուկային զենք տվեք ու հարցը փակենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Յու, միջուկային զենք եք ուզում, այո*:Վայ թե ձեզ վնասի:Կասկած չունեմ:Ամերիկյան զենք պետք
    չէ ունեն այն ինչ չունի Ամերիկան:Դուք գնեք, շատ, շատ…Ձևն էլ է կարևոր, ձևը պահեք:Բովանդակությունը այլ խնդիր է, գործ չունեք:Հեռվից եմ գալիս, ձրի խորհուրդը վնաս չէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930