Լեզվաբան Գարեգին Ղազարյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթի մի հրապարակման հետ կապված:
Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վեճին չենք անդրադառնա, քանի որ ներկայումս բողոք կա վերաքննիչ դատարանում: Անդրադառնանք լեզվաբանի այն առարկություններին, որոնք վերաբերում էին միայն իրավական հասկացությունների եւ անվանումների կիրառմանը, ինչը տեղ էր գտել նաեւ 32 էջից բաղկացած նրա առարկություններում:
«Հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով» բառակապակցությունը Գ. Ղազարյանը մեկնաբանել էր ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված «Հասարակագիտություն» գրքի, որը նախատեսված է 11-րդ դասարանի համար: Իսկ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» 2-րդ հատորն էլ՝ «Ներբառգիք հայկազեան լեզվի», Ստեփանոս Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանն» էլ անհրաժեշտ եղավ, որպեսզի հայցվոր լեզվաբանն անդրադառնա «լրանալ» բայի իմաստային բոլոր մեկնաբանություններին: Մասնավորապես, լրանալ նշանակում էր ՝ լրիվ լցված լինել, պակասը տեղը գալ, լրիվ դառնալ, մինչեւ վերջը հասնել:
«Դատարանը կամա թե ակամա , գիտակցաբար ընդունել-խոստովանել է, որ հայցիս վաղեմության ժամկետը ԼՐԻՎ Է ԴԱՌԵԼ՝ ԱՄԲՈՂՋԱՑԵԼ Է, մինչեւ վերջ հասել, բայց միայն այսքանը», -գրել է Գ.Ղազարյանը:
Լեզվական տրամաբանությամբ, հայցային ժամկետը չի անցել, չի սահմանազանցվել, վերազանցվել, հետեւաբար, ըստ նրա, այդ հիմքով, իր հայցն ինքնին չէր կարող անօրինական դառնալ:
Կարդացեք նաև
Գ.Ղազարյանն առանձին անդրադարձ է կատարում «նախադեպային» բառին: «ՀՀ դատական համակարգում հայերենի բացառիկ դեր պարտուպատշաճ արժեւորման անհրաժեշտությունից ելնելով ճշտենք, հայոց լեզվի իսկ հնչյունափոխության օրենքի համաձայն, առաջին բանալի եզրի գրելաձեւն ու արտասանաձեւը՝ «Նախադիպայինն» է (հմմտ.զուգադիպություն, դիպված, դիպաշար): Այդ նույն՝ գերակա շահերի լույսով նույնպես մերժելի է ՀՀ վճռաբեկ դատարանին վերագրված «հարց բարձրացնելիս» ռուսաբանությունը»,-նշում է Գ. Ղազարյանը:
Գ. Ղազարյանը տեղեկացնում է, որ դատարանը 6 անգամ օգտագործել է «Յուրաքանչյուր պատասխանողին» բառակապակցությունը, նկատի ունենալով իրականում «երկրորդ պատասխանողի իրավական կարգավիճակային գոյությունը»:
«Ելնելով գործի բարդությունից» բառակապակցությունը ըստ լեզվաբանի, որը տեղ է գտել դատարանի իրավական դիրքորոշման մեջ, պարզունակ երեսպաշտություն է. «Դատարանը ոչ մի բարդություն չի ունեցել, կամ բարդույթ, հայցիս մերժումային ելքը կանխորոշելու համար»,-«կրկնաշեշտում» է նա:
Անդրադառնալով «Իրավական ակտերի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետին, մեկնաբանվում է «կարող է», «կարող է լինել» թեական ենթադրական հասկացությունները:
«Կարող է լինել» նշանակում է՝ հնարավոր է լինել, կամ՝ «կարող է լինել, կարելի»:
Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է ներկայացնել սուբյեկտը, կամ՝ իրավունք ունի՝ իրավունակ է:
Հետեւաբար, «կարող» է քաղօրի 1087.1 հոդվածի տվյալ ժամկետային համատեքստում եւ կրճատ եւ միջանկյալ ժամկետի ենթատեքստում ունի կողմնորոշիչ ՝ չպարտավորեցնող հնարավորության վերապահ իմաստ: Հայցվորի կարծիքով,. «կարող է»-ն չի պարտավորեցրել իրեն մեկ ամսվա ընթացքում որեւէ պարտավորություն, ըստ այդմ, ինքը չի կարող կրել օրենքով չսահմանված պարտավորություններ:
«Սակայն» շաղկապի ժամանակ դատավորին այլ բան չէր մնում, քան ջուր խմել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ