ՀՀ-ում 2014 թվականը հայտարարված է ընտանիքի տարի: Այդ առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր «Իմ ընտանիքի պատմությունը» թեմայով շարադրությունների մրցույթ, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի և Երևանի 8-12-րդ դասարանների աշակերտները:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ հանրակրթության բոլոր դպրոցներն ակտիվորեն մասնակցել են մրցույթին, և ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի համար շատ դժվար է եղել ընտրել տասը լավագույն շարադրությունները:
Ինչևէ, հանձնաժողովն արդեն առանձնացրել է շարադրությունների լավագույն տասնյակը, և դրանց հեղինակներն այսօր պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ-ում:
Պարգևները հաղթողներին հանձնեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Բայց մինչև պարգևների հանձնումը, նա աշակերտների հետ խոսեց «ընտանիք» հասկացության ընդգրկման, դրա յուրովի ընկալման և այդ ընկալմամբ պայմանավորված անձնային որակների մասին՝ հավելելով. «Ես ցանկանում եմ, որ դուք ձգտեք ամենաբարձր որակի անձնավորություն դառնալ, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար «իմ ընտանիք» հասկացությունը շատ լայն ընդգրկում կունենա՝ ծննդավայր, հայրենիք և այլն: Հետևաբար՝ դուք անգնահատելի դեր և նշանակություն կունենաք կյանքում»,- ասաց Մ. Մկրտչյանը:
«Իմ ընտանիքի պատմությունը» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթած երեխաներից վեցը Երևանի ավագ, հատուկ և հիմնական դպրոցների 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ են, իսկ չորսը՝ Լոռու, Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի մարզերի ավագ և միջնակարգ դպրոցների 10-11-րդ դասարանի աշակերտներ:
Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է ու ոգևորված, որ իր շարադրությունը նույնպես ընդգրկվել է լավագույն տասնյակում. «Ես գրել եմ, թե իմ ընտանիքը քանի հոգուց է բաղկացած, հերթով բնութագրել եմ նրանց: Հետո գրել եմ, թե իմ պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի իսկական ընտանիքը: Ընտանիքում, իմ կարծիքով, պետք է հաշտություն լինի, համերաշխ ապրեն միմյանց հետ, հայրն ու մայրը չկռվեն, չբաժանվեն, որպեսզի ընտանիքն ամուր լինի»,- իր շարադրությունը համառոտ ներկայացրեց Մ. Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված 10 լավագույն շարադրությունները կտպագրվեն «Կրթություն» շաբաթաթերթում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ