Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Մեր օլիգարխների կեսը նախագահ, կառավարություն են աշխատում, մյուս կեսը`ընդդիմություն»

Սեպտեմբեր 22,2014 16:27

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նույն պատժամիջոցներն են, ինչ կիրառվել են Հայաստանի դեմ՝ ամեն օր ավելանալով»,-Aravot.am-ի հարցին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա քննադատեց ՀՀ բանկային համակարգը` նշելով, թե «այն, որ մեր ժողովուրդը փախչում է մեր երկրից, դրա մեղավորը բանկային համակարգն է»: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ «եթե ՀՀ բանկային համակարգի դեմ սկսեն գործողություններ, ինչպես ՌԴ-ի դեմ, Հայաստանը կշահի: Այդ պատժամիջոցները հանգեցնում են նրան, որ մեզ պարտադրում են վերանայել մեր զարգացման երկրի կառուցման կոնցեպցիան, դա նպաստում է մեր զարգացմանը»:
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ Արևմուտքը խորը ճգնաժամի մեջ է, ԱՄՆ-ն փող չունի այլևս, ուստի Հայաստանին մնում էր ընտրության երկու ճանապարհ. «Մի ուղին հայության ամբողջականացումն էր, մենք դա չընտրեցինք, քանի որ ոչ ոք մեզ չէր պարտադրել: Դրսից թելադրված էր Եվրասիական միությունը՝ դա երկրորդ ուղին էր, որը կարող է զարգացման հնարավորություն լինել, քանի որ զարգացման ուրիշ տրամաբանություն դեռ չի երևում»:
Մեր հարցին՝ հոկտեմբերի 10-ին ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում, պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Ինչ-որ քայլ այդ ուղղությամբ կլինի, երևի թե ստորագրությամբ: Եվրասիական միության ներսում կան խարդավանքներ, որոնք այնքան էլ էական չեն, քանի որ Ռուսաստանը կարծրացնում է իր դիրքորոշումը: Ռուսաստանը բավական խիստ ակնարկ արեց Ղազախստանի ուղղությամբ՝ սպառնալով Նազարբաևին»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք մի շարք հարցերի՝ առաջին հերթին Ղարաբաղի հարցի անորոշության, մի շարք ապրանքատեսակների գների վերաբերյալ այդպես էլ չճշգրտվածության պայմաններում նպատակահարմա՞ր է գնալ Եվրասիական միություն, պարոն Մանուչարյանն արձագանքեց. «Չկա որևէ լուծում աշխարհում, որ միայն դրական բաներ պարունակի: Ղարաբաղի ռեալ կարգավիճակ գոյություն չունի, հարցը մտցրել է Նազարբաևը, և այդ խնդիրն արծարծվում է բացարձակապես արհեստականորեն, նման խնդիր իրականում չկա: Հիմնական հարցն այն է, որ իրո՞ք մենք կսկսենք ներսում արտադրել այն, ինչ մեզ պետք է: ՀՀ-ի համար դա թիվ մեկ խնդիրն է և հսկայական շուկաներ կան, որոնց պետք է մեր արտադրանքը: Սա այնքան մեծ առավելություն է, որ մնացած բաներից խոսելն ավելորդ է: Չնայած, եթե մնանք մանր քաշքշուկների տրամաբանության մեջ, ապա կան որոշ հարցեր, որոնք քիչ դրական են, քիչ բացասական»:
Պարոն Մանուչարյանը անդրադարձավ նաև հայ և ռուս օլիգարխներին` նշելով, որ նրանց միջև տարբերություն չկա. «Ռուս օլիգարխները մերոնցից տարբերվում են միայն նրանով, որ այնտեղ, իհարկե, ոչ քաղաքական առումով, բայց տարին չորս անգամ է մարտի մեկ լինում: Մեր օլիգարխներից շնորհակալ ենք, որ ընդամենը մեկ անգամ մարտի 1-ին գնդակահարություն արեցին, որ իրենց փողերը պահեն: Արևմուտքը ստեղծեց հանձնաժողով, ասեց ինչ վատ բան է ողջ մարդու վրա կրակելը, դրանից հետո ասացին, որ փակվել է այդ էջը, երբ ստորագրվեցին հայ-թուրք արձանագրությունները»:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով`ՀՀ քաղաքական համակարգում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում կան օլիգարխներ ու նշեց. «Մեր օլիգարխների կեսը նախագահ, կառավարություն են աշխատում, մյուս կեսը` ընդդիմություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930