Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկը բեռնաթափելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են շրջանցիկ ճանապարհահատվածները վերակառուցելու և նորերը բացելու աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացքում է Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի շինարարությունը և երկաթգծի նախկին կամուրջը հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցելու գործընթացը: Զեկուցվել է նաև, որ ավարտվել և շահագործման է հանձնվել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը: Այն ապահովվել է արտաքին լուսավորությամբ, կահավորվել ճանապարհային համապատասխան նշաններով, վերակառուցվել է նաև կոյուղատար համակարգը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ նոր ճանապարհահատվածների վերաբերյալ և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Փոքր կենտրոնի բեռնաթափման տեսանկյունից՝ այս ճանապարհահատվածի շահագործումն իսկապես անհրաժեշտություն էր, որի շնորհիվ զուգահեռ փողոցների որոշակի բեռնաթափումն արդեն իսկ զգալի է: Սակայն մայրաքաղաքում կան այլ ճանապարհահատվածներ ևս, որոնք բացելու դեպքում երթևեկությունը մայրաքաղաքում էապես կբեռնաթափվի: Նման օրինակներ մենք արդեն ունենք. Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերաբացումը, այժմ նաև աշխատանքներ են տարվում Նոր Նորքի 9-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված տանող հատվածում: Քննարկեք և համապատասխան առաջարկներ ներկայացրեք նաև այլ հատվածներում նոր ճանապարհների վերակառուցման ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ որոշ կազմակերպություններ խախտել են պայմանագրով սահմանված ժամկետները, և աշխատանքներն առայժմ ավարտված չեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ վարչարարության իրականացման ուղղությամբ:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է ապօրինության 10 դեպք, նախկինում արձանագրված 7 դեպքի մասով էլ կազմակերպվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխուժացնել աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքներն ու գործընթացը պահել անմիջական հսկողության տակ:
«Չնայած իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուամենայնիվ, այս ոլորտում մեր անելիքները դեռ շատ են և այդ նպատակով պետք է որոշակիորեն փոփոխենք մեր աշխատակարգը: Եվ այստեղ մեծ անելիք ունեն վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատակազմերի պատասխանատուները, որպեսզի կարողանանք ընդհանրապես բացառել ապօրինի շինարարություններն ու հողազավթումները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներում մեքենաների ապօրինի առևտուրը բացառելու նպատակով իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով նախորդ մեկ ամսվա ընթացքում 180 ավտոմեքենաներից հանվել են վաճառքի մասին գրառումները և այդ ուղղությամբ շարունակվում են տարվել համապատասխան աշխատանքներ: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ մայթերին ավտոմեքենաների կայանման 19 դեպք է գրանցվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասով էլ զեկուցվել է, որ այդ աշխատանքներին ներգրավվել ու օրվա տարբեր ժամերին ստուգայցեր են կազմակերպել նաև Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների ղեկվարների աշխատակազմերի ներկայացուցիչները: Տրանսպորտային 130 միջոցներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերված խախտումների ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:
Հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մաքրվել է 325 անձրևընդունիչ:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով սահմանված հսկողությամբ հայտնաբերվել է 5 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում իրականացված ստուգայցերին՝ զեկուցվել է, որ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումներով մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են վարչական պատասխանատվության: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ստուգայցերի արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:
Երևանի քաղաքապետարան