Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գայլերին որսում են «թուղթ ու գիր» անողների համար (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 22,2014 15:34

Կառավարությունը սեպտեմբերի 18-ի նիստին որոշել է գայլերի որսի համար բնապահպանության նախարարությանը 20 միլիոն դրան տրամադրել` 200 գայլ որսալու համար, ամեն մի գայլ «խփելն» արժե 100 հազար դրամ:

Իսկ բնապահպան Սիլվա Ադամյանը վարչապետին կոչ է անում հետ կանչել այդ որոշումն ու 20 միլիոն դրամը տրամադրել կենդանաբանական ինստիտուտին, որպեսզի մասնագետներն ուսումնասիրություններ անեն, թե իրականում որքան գայլ կա, եւ ինչպես պետք է գայլերի պոպուլյացիան վերականգնել, այլ ոչ թե ոչնչացնել. «Չի կարելի որսորդներին խրախուսել գայլեր ոչնչացնելու համար»:

«Բլից ինֆո» ակումբում տիկին Ադամյանն, ասաց, որ բնապահպանության նախարարությունը վստահեցրել է, թե 400-500 գայլ կա, մինչդեռ բնապահպանի հավաստմամբ` վերջին գիտական տվյալները գայլերի քանակի մասին եղել է 15 տարի առաջ, ուստի հիմա որոշել, որ 200 գայլ պետք է ոչնչացվի, մեծ սխալ է:
Բնապահպանի խոսքերով` գայլերն իրենց բնակավայրից դուրս են գալիս սնունդ հայթայթելու համար, քանի որ անտառներում իրենց անհրաժեշտ ուտելիքը, որսը չկա, այս պատճառով է, որ գիշատիչները հարձակվում են տնային կենդանիների վրա: Իսկ բնապահպանության նախարարությունը գայլերի որսի համար որոշված քանակը հիմնավորում է, ինչպես կառավարությանը ներկայացրած փաստաթղթում է գրված` Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ամբողջ որսաշրջանի համար կանխատեսվել է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման էֆեկտիվությունը եւ սոցիալական (գյուղատնտեսության պաշտպանվածություն) ու բնապահպանական (վայրի կենդանիների կենսաբազմազանության պահպանում) արդյունավետությունը:

Aravot.am-ը հետաքրքրվեց տիկին Ադամյանից, թե ինչպես կմեկնաբանի նախարարության այս հիմնավորումը, եւ արդյոք գայլերի որսի համար 20 միլիոն դրամ տրամադրելը կոռուպցիոն ռիսկ չի պարունակում, ինչպե՞ս են վերահսկում:

Ըստ բնապահպանի՝ 2 տարի որսորդները կենդանաբանական ինստիտուտ էին բերում որսած գայլերին, ու նրանք 200-ից ավելին էին սպանել, ու տեսեք, ոչինչ չի փոխվել. «Նրանց մեջ շառլատաններ կային, բերում էին շներ, շնագայլերի մորթիներ, որոշ կենդանաբաններ մի միտք հայտնեցին, որ մեծ քանակությամբ շնագայլեր կան, որոնք հարձակվել են տնտեսությունների վրա: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա դա հնարավոր չէ: Կան մարդիկ այլ նպատակի համար են որսում` սեւ մագիայի: Որսում են էգ գայլերին եւ նրանց սեռական օրգանները վաճառում մագերին, այսպիսի գայլը 2-3 հազար դոլարով են վաճառում: Մագերն ինչ-որ թալիսմաններ են սարքում, ես անձամբ հետազոտել եմ, որտեղ որ հանձնում էին գորշ գայլերին, էգերի սեռական օրգանները չկային»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Տիկին Ադամյանի խոսքերով` եթե անգամ որոշված է, որ 200 գայլ պետք է ոչնչացվի, ապա անհրաժեշտ է հիմնավորել, թե որ վայրերում` որքան. ասենք` այսինչ տեղանքում թույլատրելի է 20 գայլ, որովհետեւ…

Բնապահպանի դիտարկմամբ գայլերի անխնա որսն իրավիճակ չի փոխի, քանի, գայլերը մի առանձնահատկություն ունեն բնությունից տրված` որքան նրանց շատ են որսում, այնքան նրանք ավելի են բազմանում, դրա նրանց բնազդն է: Բնապահպանը մի օրինակ բերեց, թե ինչպես կարելի է խուսափել տնային կենդանիների վրա գայլերի հարձակումից. «Բնության համաշխարհային հիմնադրամը` WWF, Արփի լճի գյուղերում ծրագիր է անում, պետք է ֆոնդ ստեղծվի, անասնագոմերը պետք է ամրացվեն, լավ շներ ձեռք բերեն, որպեսզի պահպանեն անասուններին, ոչ թե գայլերին անխնա ոչնչացնեն»:

Տիկին Ադամյանի դիտարկմամբ` գայլերի անտառներից, իրենց տեղանքներից հեռանալու պատճառ է նաեւ աղտոտված շրջակա միջավայրը. «Ապարանում շատ գայլեր կային մի ժամանակ, հիմա չկան, որովհետեւ օրական պոչամբար են ավելացնում, նույնը` Լոռիում, ամեն տեղ, Ամուլսարում, ամեն տեղ ջրերի աղտոտում է, հանքերի բացում, անտառների ոչնչացում, եւ գիշատիչները բացի այն, որ սնունդ չունեն, նրանց կենսամիջավայրն է ոչնչացվել»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930