Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկան Գեղամ Խաչատրյանը սադրել է, Վարդան Գեւորգյանը խորացրել բախումը»

Սեպտեմբեր 22,2014 14:47

«Հերոսներ» վանկարկելով ու ծափահարություններով այսօր սկսվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը:

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր փաստաբանները ներկայացնում են պաշտպանական ճառերը:

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ներկայացմամբ, պաշտպանական կողմը պնդում է, որ 2013-ի նոյեմբերի 5-ին խաղաղ հավաք է եղել, խաղաղ երթի նպատակով: Մասնակիցներից ոչ մեկը վարչական պատասխանատվության չի կանչվել, Մաշտոցի պողոտա են դուրս եկել, եւ գործով վկա, ոստիկան Գեղամ Խաչատրյանը փորձել է Շանթ Հարությունյանին կանգնեցնել, հետո ոստիկանները նրան ուժով պողոտայից դուրս բերելու փորձեր են արել, ոստիկաններին զսպելու փորձեր են արել ակցիայի մասնակիցները:

Ըստ նրա, չպարզված անձի կողմից առաջին պայթուցիկն է նետվել, ու եթե գործով վկա, ոստիկան Վարդան Գեւորգյանն անարդյունավետ ու ոչնչով չարդարացված քայլ չաներ, երբ թիկունքից բռնել է Շանթ Հարությունյանին, որ մի կողմ տանի, բախումը չէր խորանա. «Բախումը սադրել է Գեղամ Խաչատրյանը, Վարդան Գեւորգյանի գործողությունները դարձել են պատճառ ոստիկանների ու մասնակիցների բախումները խորացնելու համար»:

Հետո ասաց, որ իր պաշտպանյալների՝ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսաք Առաքելյանի արարքների մեջ խուլիգանության հանցակազմ չկա, պնդեց, որ առաջադրված մեղադրանքը հնարածին է. «Իմ պաշտպանյալները խուլիգաններ չեն, քրեական օրենքի խուլիգանական հոդվածի կիրառումը ոչ միայն անօրինական է, այլեւ անբարոյական է»:

Ըստ նրա, նման մեղադրանքի առաջադրումը ամրապնդելու է հասարակության մեջ այն միտքը, որ պետական ապարատը վրեժխնդրությամբ է զբաղված:
18- ամյա Մկրտիչ Հովհաննիսյանի փաստաբան Ռուզաննա Հովհաննիսյանն էլ ներկայացրեց, որ իր պաշտպանյալը գերազանցիկ է, հետո նշեց, որ առողջական խնդիրներ ունի՝ հիպերտոնիկ է:

Փաստաբանը վերջում նաեւ խնդրեց դատարանից թույլատրել Մկրտիչին սովորել ազատության մեջ ու ապրել հայ երիտասարդին վայել ու դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի մասին դրական բնութագրերը ու շեշտեց, որ Մկրտիչն ընդունել է, որ մեղավոր է:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ նախաքննությունը չի պարզել՝ ով է այն սադրիչը, որ սկսել է հրահրել: Հետո ասաց, որ Շահենին հոգեբանական ճնշումների են ենթարկել ոստիկանության բաժնում, ասելով, թե հայրդ ու ընկերներդ այլեւս չկան:
Նա հիշեցրեց, որ հարցաքննվող ոստիկաններն էլ են դատարանում ասել, որ նախազգուշացում չի եղել ակցիայի մասնակիցներին, որ անօրինական հավաք է:
«Հենց մտել են Մաշտոցի պողոտա, ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով ոստիկաններ հարձակվել են մասնակիցների վրա, ուղղորդված սադրել են: «Միլիցա է՝ խփեք» արտահայտությունը հերքվում է, տեսաձայնագրություններով:
Շանթին գցել են գետնին, հարվածել են, իսկ Շահենը փորձել է պաշտպանել հորը:

Ամիսներ շարունակ մեղադրանք չի առաջադրվել նրա նկատմամբ, որովհետեւ տասնչորս տարեկան է եղել, բայց վարույթ իրականացնող մարմնի մտորումները բերեցին նրան, որ հորինվեց խուլիգանության հոդվածը, Շահենի գործողություններում ակնհայտորեն բացակայում է խուլիգանության հոդվածը: Ոստիկանին հարվածելը նրա հուզական վիճակով է պայմանավորված»:

Ինեսա Պետրոսյանը պահանջեց արդարացնել Շահեն եւ Շանթ Հարությունյաններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930