Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը

Սեպտեմբեր 22,2014 14:35

Շուրջ երկու տարի տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնն այսօր բացեց իր դռները: Նոր կենտրոնը գործում է Վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտում: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լին եւ այլ պաշտոնատար անձինք:

Փոխնախարար Վահան Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած գերազանցության կենտրոնը հնարավորություն կընձեռի կանխել մանկական կուրությունը և տեսողության հետ կապված խնդիրները: «Այսուհետև հիվանդները անհրաժեշտ ախտորոշիչ և բժշկական որակյալ ծառայությունները կստանան ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր կենտրոնում»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջիկայում ինստիտուտում կստեղծվի նաև անհաս եւ ցածր քաշով ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունք:

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ, նշեց, որ այս ծրագրի շուրջը համախմբվել են ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրների լավագույն մասնագետները: Աբրահամյանը համոզված է, որ տարածաշրջանում եզակի այս կենտրոնը կհասցվի այնպիսի մակարդակի, որ կկարողանան կանխարգելել մանկական կուրությունը նաև հարևան և տարածաշրջանի երկրներում:

Հայաստանի Հանրապետության գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն ասաց, որ մի քանի տարի առաջ իրենք այսպիսի կենտրոնի մասին պատկերացում անգամ չէին կարող ունենալ.«Ներկայումս կենտրոնի ծանրաբեռնվածությունը այնքան էլ մեծ չէ, բայց համոզված եմ, որ շատ շուտով կենտրոնը կունենա տարածաշրջանային նշանակություն»:

Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լինն էլ ուրախությամբ փաստեց, որ այսուհետ իրենք հնարավորություն կունենան ԱՄՆ-ից օնլայն շփման մեջ մտնել տեղի մասնագետների հետ: Լին նշեց, որ վաղը բաժանմունքում կկատարվի առաջին վիրահատությունը:

Այցի շրջանակում ներկաները շրջեցին բաժանմունքում, ծանոթացան շենքային պայմաններին:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930